14:12 13 օգոստոսի, 2022«Discovery+» սթրիմինգային ծառայությունը եւ «Channel 4» հեռուստատեսային ցանցը վավերագրական սերիալ կնկարահանեն արքայադուստր Դիանայի մահվան 25-րդ տարելիցի կապակցությամբ։ Այն բաղկացած կլինի չորս էպիզոդից եւ կկրի «Հետաքննություն Դիանայի մասին․ մահ Փարիզում» (Investigating Diana: Death in Paris) անվանումը, հայտնում է Variety-ն։
Սերիալը կպատմի Դիանա Սպենսերի մահվան երկու պաշտոնական հետաքննությունների մասին։ Դրանցից մեկն անցկացրել է ֆրանսիացի քրեագետների խումբը 1997 թվականին՝ վթարից անմիջապես հետո, իսկ երկրորդը՝ բրիտանական ոստիկանությունը ողբերգությունից յոթ տարի անց՝ 2004 թվականին։ «Այս չափազանց համոզիչ սերիալը խորությամբ ուսումնասիրում է դատաբժշկական մանրամասները, թե ինչ է տեղի ունեցել արքայադուստր Դիանայի մահից հետո հետաքննության ընթացքում: Ինչ էր նշանակում քննիչների համար աշխատել համաշխարհային մասշտաբի նորության վրա, որը ոչ միայն առանձին ընտանիքների ողբերգություն էր, այլեւ համացանցի ֆենոմեն»,- նշել է է «Channel 4»-ի թողարկող խմբագիր Շամինդեր Նահալը:
Variety-ի տեղեկություններով՝ նախագծի նկարահանումներին կմասնակցեն հետաքննությունն իրականացրած քննիչները, ընդ որում, նրանցից ոմանք առաջին անգամ հրապարակավ կպատմեն գործի մասին։ «Սերիալը ցույց կտա, թե ինչպես են քննիչները հետապնդել յուրաքանչյուր դետալ»,- ասվում է նախագծի նկարագրությունում: Ընդ որում, The Telegraph-ի հաղորդմամբ՝ սերիալի հեղինակները նկարահանումների վերաբերյալ չեն խորհրդակցել Դիանայի որդիների՝ արքայազններ Ուիլյամի եւ Հարիի հետ։
Վավերագրական նախագծի ռեժիսորներն են Ուիլ Ջեսոպը և Բարնաբի Փելը, պրոդյուսերները՝ Նատաշա Բրունը եւ Միրիամ Ջոնսը: Պրեմիերայի օրը դեռ հայտնի չէ։
Աղբյուրը՝ RBC
Լուսանկարը՝ Terence Donovan/Camera Press/Redux