Բոբ Դիլանը բռնության կեղծ մեղադրանքներից հետո փոխհատուցում է պահանջում

15:13   13 օգոստոսի, 2022

Ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանի փաստաբաններն իրենց վստահորդի հասցեին բռնաբարության կեղծ մեղադրանքներից հետո դրամական փոխհատուցում են պահանջել, հայտնում է The Independent-ը։

Հայցը ներկայացվել է 2021 թվականի օգոստոսին։ Կինը, որն այն ներկայացրել է, պնդում էր, որ  1965 թվականին, երբ ինքը 12 տարեկան էր, արտիստը սիրաշահել է իրեն, թմրանյութեր եւ ալկոհոլ տվել, նախքան բռնաբարելը։ Սկզբում նա պնդում էր, որ դա վեց շաբաթվա ընթացքում կրկնվել է բազմաթիվ անգամներ, իսկ հետո հայտարարել է, որ Դիլանի կողմից ֆիզիկական բռնությունը շարունակվել է մի քանի ամիս։ Ի վերջո, հայցը հետ է վերցվել։ 

Երաժշտի փաստաբանները հայտարարել են, որ հայցը «կեղծ է եղել, որը նախաձեռնել են (ենթադրյալ տուժողի) փաստաբանները» եւ զայրացել, որ «այն առհասարակ ներկայացվել է»: Նրանք չեն պարզաբանել, թե որքան գումար են մտադիր պահանջել կնոջ շահերը ներկայացնող փաստաբանների թիմից։

Աղբյուրը՝ Lenta.ru

Լուսանկարը՝ AP Photo/Chris Pizzello, File



© NEWS.am STYLE