Հագուստի իր նոր հավաքածուն վաճառել է պարկերում․ Քանյե Ուեսթը պատասխանել է քննադատություններին (ֆոտո)

16:12   19 օգոստոսի, 2022

Ամերիկացի ռեփեր եւ դիզայներ Քանյե Ուեսթը սկանդալի մեջ է հայտնվել Yeezy-ի, Balenciaga-ի եւ Gap-ի (Yeezy Gap Engineered by Balenciaga) համատեղ հավաքածուի վաճառքի պատճառով։ Խանութներում համագործակցության բոլոր իրերը խառը լցված են հսկայական պարկերի մեջ, եւ գնորդներն իրենք պետք է փորփրեն դրանք՝ ճիշտ չափը գտնելու համար:

Աղբյուրի համաձայն՝ կատարողը տեսել է հավաքածուն կախիչների վրա՝ վաճառքի մեկնարկից անմիջապես առաջ։ Դա զայրացրել է նրան։ Նա որոշել է հավաքածուն խառնված ներկայացնել։

Երեկ Ուեսթը Fox News-ին տված հարցազրույցում հակադարձել է իր քննադատներին՝ բացատրելով, որ իր համագործակցությունը Gap-ի հետ նորաձեւությունն ավելի մատչելի դարձնելու իր առաքելության մի մասն է: Նա պարզաբանել է նաեւ, որ հագուստը ցուցադրվում է ոչ թե աղբի, այլ շինարարական պարկերում։

«Լսեք, ես նորարար եմ: Ես այստեղ չեմ, որպեսզի ներողություն խնդրեմ իմ գաղափարների համար: Դա հենց այն է, ինչ փորձում են անել լրատվամիջոցները՝ ստիպել մեզ ներողություն խնդրել ցանկացած մտքի համար, որը չի համապատասխանում նրանց ուզածին»,- պատասխանել է Քանյեն։



© NEWS.am STYLE