17:42 26 նոյեմբերի, 2013Ռուսական ճանաչված երգչուհի Զառան Մոսկվայի «Էլդար» կինոակումբում տեղի ունեցած համերգի ընթացքում ներկայացրել է իր նոր ռոմանսային ալբոմը: Միջոցառումը տեղի է ունեցել անցյալ շաբաթ, սակայն լուսանկարները միայն այսօր են հայտնվել համացանցում:

Ալբոմում ներառված են Ալեքսանդրա Պախմուտովայի, Նիկոլայ Դոբրոնրավովի, Ռոբերտ Ռոժդեստվենսկու, Բուլատ Օկուջավայի, Եվգենի Դոհայի եւ Միքայել Թարիվերդիեւի երգերը: Երեկոյի ընթացքում հնչել են այս ստեղծագործություններից շատերը: Starhit-ի փոխանցմամբ, յուրաքանչյուր երգի համար թեմատիկ տեսաշար էր ընտրվել: Զառայի պարային հիթերն ուղեկցվել են բալետի համարներով:

Երեկոյին ներկա է եղել ճանաչված ռեժիսոր, Զառայի արվեստի երկրպագու Էլդար Ռյազանովը՝ տիկնոջ հետ:

Ռյազանովը Զառային ծաղիկներ նվիրելիս խոստովանել է, որ պաշտում է երգչուհուն:

«Ես այնքան երջանիկ եմ, որ արդեն մտածում եմ գարնանը կրկնել համերգը: Մեկ ամիս առաջ այս նույն ծրագրով մեծ մենահամերգ ունեցա Սանկտ Պետերբուրգում, ավելի ուշ համերգային շրջագայության մեկնեցի Ամերիկայի 6 քաղաքներ. Լոս Անջելես, Սան Դիեգո, Ֆենիքս, Դենվեր, Բալթիմոր, Նյու Յորք: Ինձ շատ ջերմ ընդունեցին»,- պատմել է Զառան: