Նյու Յորքի Նորաձեւության շաբաթվա ընթացքում Վիրջիլ Աբլոյի անվան մրցանակ կհանձնեն

17:12   30 օգոստոսի, 2022

Harlem's Fashion Row կազմակերպությունը (HFR) LVMH-ի հետ համատեղ, մրցանակ կհանձնի Վիրջիլ Աբլոյի ժառանգությունը հարգելու համար: Ընկերությունը զբաղվում է երիտասարդ դիզայներներին, սեւամորթ ու լատինաամերիկացի հեղինակներին օգնելով, որոնք բավարար չափով ներկայացված չեն նորաձեւության շուկայում: Այդ մասին գրում է Hypebae-ն։

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հաջորդ ամիս Նյու Յորքի նորաձեւության շաբաթվա ընթացքում։ Մրցանակը կհանձնի հանգուցյալ դիզայների կինը՝ Շենոն Աբլոն։ Մրցանակի նկարագրության մեջ ասվում է, որ այն «նշում է համախոհ անհատներին, որոնք մարմնավորում են Վիրջիլի ոգին, փայլն ու տեսլականը՝ մշակույթի, համայնքի եւ նորարարության մեջ անգնահատելի ավանդի շնորհիվ»:

Այս տարվա մրցանակակիրը դերասանուհի Իսա Ռեյն է։ «Տարվա դիզայներ» է ճանաչվել Սերխիո Հադսոնը, «Տարվա խմբագիր»՝ Ռոբին Գիվան, «Տարվա ոճաբան»՝ Էդ Սեմուելը, իսկ «Տարվա ոճի կուռք»՝ Ջանեթ Ջեքսոնը:



© NEWS.am STYLE