Ինչպես բուժել մազաթափությունը

20:22   28 նոյեմբերի, 2013

Որքան հաճախ ենք մենք խուճապի մատնվում, երբ սանրվելով՝ սանրի վրա թափված մազեր ենք նկատում: Երբեմն դրանք պարզապես փնջով են թափվում: Իհարկե, որեւէ մեկը չի ցանկանում ճաղատ լինել եւ ամբողջ կյանքում կեղծամ կրել: Ահա այստեղ էլ ուղեղը սկսում է արագ աշխատել…

Մենք անմիջապես սկսում ենք մտածել, թե ինչպես կանխել մազաթափությունը: Վազում ենք մասնագետի մոտ, զանգահարում ծանոթներին: Ոչ մի խուճապ, թանկագիններս… Մեր խորհուրդները բոլոր նրանց, ովքեր տառապում են այս խնդրով: Նախ՝ գտնում ենք մազաթափություն առաջացնող պատճառը:

Պատճառները 

Գլխի վրա անընդհատ մազերի ֆոլեկուլների նորացում է կատարվում: Մեռած ֆոլեկուլների հետ թափվում են նաեւ մազերը: Օրգանիզմի նորմալ նյութափոխանակության ու մազերի ճիշտ խնամքի դեպքում շուտով, թափված մազի փոխարեն հայտնվում է մազային նոր սոխուկ: Եթե փոխարինում տեղի չի ունենում, ապա հատվածներ են առաջանում, որտեղ մազ չի լինում: Ալոպեցիայի հիմնական պատճառ են հանդիսանում.

• անբարենպաստ ժառանգականություն

• հորմոնալ խանգարումներ (հետծննդաբերական շրջան, դաշտանադադար)

• օրգանիզմի ընդհանուր ծերացում 

• գլխամաշկի վնասվածք 

• քիմիական գանգրացման դեպքում գանգրացնող նյութի եւ քիմիական միջոցների ազդեցությունն ու մազերը ներկելը

• աուտոիմունային հիվանդությունը

• սնկային եւ բակտերիալ վարակները

• որոշակի դեղամիջոցներ ընդունելը

• էմոցիոնալ, ֆիզիկական կամ նյարդա-հոգեբանական սթրեսները

• վահանաձեւ գեղձի հիվանդությունը

• կարմիր գայլախտը

• ոչ ճիշտ սնունդը

Ինչպես բուժել մազաթափությունը


Ինչպես երեւում է՝ ալոպեցիայի պատճառները շատ են: Այդ պատճառով, նախ պետք է պատճառը գտնել: Իսկ ճիշտ ախտորոշում եւ բուժում ստանալու համար առանց բժշկին այցելելու ոչինչ չի ստացվի: Եթե մազաթափությունը խոցերի, այրվածքների կամ թեփի առաջացմամբ է ուղեկցվում, ցավի, բարձր զգայունությամբ կամ մարմնի մյուս հատվածների ալոպեցիայով, ապա պետք է անհապաղ շտապել հիվանդանոց: Հակառակ դեպքում, մազաթափությունը վերջնական կհանգեցնի ճաղատացման:

Մասնագետները կհայտնաբերեն կատարվող գործընթացի պատճառները, համալիր բուժում կնշանակեն: Ալոպեցիան վերացնելու համար հաճախ մազերի փոխպատվաստում է կատարվում, ստերոիդների ներարկում կամ հատուկ լուծույթներով մաշկի մշակում: Միայն բժշկական հաստատությունում կարելի է հասկանալ, թե ինչպես հենց ձեր դեպքում բուժել մազաթափությունը:

Պրոֆիլակտիկ միջոցներ

Որպես պրոֆիլակտիկ միջոց կարելի է մշտապես մազերն ամրացնող եւ առողջացնող գործողություններ կատարել: Սոխով դիմակները, փափկացնող միջոցները, կաղնու արմատի թուրմը, եղինջը, կռատուկի եւ գերչակի յուղը վարսերին ուժ եւ ամրություն կհաղորդեն: Անհրաժեշտ է նաեւ որքան հնարավոր է քիչ օգտվել մազերի արդուկից եւ տաք օդով վարսահարդարիչից:

Աղբյուրը՝ Raut.ru



© NEWS.am STYLE