Քանյե Ուեսթը պատմել է, թե ինչպես է Adidas-ը փորձել գնել իրեն պատկանող Yeezy ապրանքանիշը 1 մլրդ դոլարով

17:51   6 սեպտեմբերի, 2022

Հայտնի ռեփ կատարող եւ դիզայներ Քանյե Ուեսթը խոսել է իրեն պատկանող Yeezy-ն արտադրող Adidas ընկերության փորձի մասին, որը ցանկացել է 1 միլիարդ դոլարով գնել երաժշտի ապրանքանիշը, գրում է BoF-ը:

Ուեսթը բազմիցս բողոքել է Adidas-ի կողմից իրենց համագործակցության պայմանների խախտման մասին: Նման խախտումներ են ընկերության կողմից ապրանքանիշի մոդելների կրկնօրինակումն ու դրանց ավելի մատչելի վաճառքը կամ ապրանքն առանց ռեփերի մասնակցության թողարկելը:

«Անմտություն է զգալ, որ նրանք կարող են փոխել իմ ստեղծած կոշիկի գույնն ու անուն տալ դրան՝ առանց իմ համաձայնության: Ես իսկապես անհանգստանում եմ ինչ որ բան ստեղծելու համար. մի բան որը կփոխի աշխարհը, որը կարող եմ թողնել երեխաներիս: Նրանք փորձել են գնել ինձ 1 միլիարդ դոլարով: Իմ հոնորարները միայն եկող տարվա համար կազմում են 500 միլիոն դոլար», - գրել է Քանյե Ուեսթն իր թվիթերյան միկրոբլոգում:

Ավելի վաղ ռեփփրը խոստացել էր ոչնչացնել Adidas-ի ղեկավարությանը՝ հատկապես ապրանքանիշի նոր ավագ փոխնախագահին եւ գլխավոր մենեջերին: «Ինձ պահելը ձեզ համար միլիարդներ կարժենա, բաց թողնելը՝ նույնպես միլիարդներ կարժենա», - մակագրել է երաժիշտը:

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE