Պլասիդո Դոմինգոն ներողություն է խնդրել Իտալիայում կայացած «նվաստացուցիչ» ելույթի համար

20:39   6 սեպտեմբերի, 2022

Օգոստոսի վերջին Իտալիայի «Արենա դի Վերոնա» փառատոնի շրջանակում օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի երկու անհաջող ելույթները լայնորեն քննարկվել են ողջ աշխարհում, հայտնում է OperaWire-ը  եւ հավելում, որ երգիչը ներողություն է խնդրել Վերոնայի քաղաքապետ Դամիանո Տոմասիից և փառատոնի կազմակերպիչներից:

Օգոստոսին «Տուրանդոտ» օպերայի նրա ղեկավարումն այնքան չէր բավարարել նվագախմբի երաժիշտներին, որ, հոտնկայս ծափահարությունների ժամանակ, նրանք հրաժարվել են կանգնել Դոմինգոյի կողքին։

«Ինձ համար արդարացում չկա։ Ընդունում եմ, որ այս ելույթների ժամանակ ես գերլարվել եմ։ Բեմում լինելու, հատկապես դիրիժորի ստենդի մոտ լինելու համար, կենտրոնացումը կարեւոր է: Մինչեւ վերջին պահը հավատում էի, որ լեփ-լեցուն Արենայի եւ բոլոր մարդկանց դրական էներգիան ինձ ուժ կտա իմ ելույթները շարունակելու համար»,- բացատրել է նա:

Դոմինգոն նշել է, որ վիրավորվել է երաժիշտների արարքից, սակայն հասկանում է նրանց որպես պրոֆեսիոնալների: Արտիստները, իրենց հերթին, ստորագրահավաք են կազմակերպել՝ Դոմինգոյի ելույթը նվաստացուցիչ անվանելով եւ խնդրելով արգելել նրա մասնակցությունը 2023 թվականի փառատոնին:



© NEWS.am STYLE