Երեւանը կհյուրընկալի փառատոնների եվրոպական ասոցիացիայի 70-րդ ամյակի գագաթաժողովը

18:23   6 սեպտեմբերի, 2022

Սեպտեմբերի 12-15-ը Երեւանում կանցկացվի Փառատոնների եվրոպական ասոցիացիայի (EFA) 70-րդ ամյակին նվիրված Արվեստների փառատոնների գագաթնաժողովը։ Հոբելյանական գագաթաժողովի կազմակերպիչն է «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը։ Պաշտոնական մեկնարկը կտրվի սեպտեմբերի 12-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում՝ աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) համերգով:

Գագաթաժողովի չորս օրերի ընթացքում սպասվում է Ready, steady, join us: 70 Years-On խորագիրը կրող հանդիպումը, որը կնվիրվի Փառատոնների եվրոպական ասոցիացիայի երկու կարեւորագույն նախաձեռնությունների՝ Յոթանասունամյակի օրակարգին եւ «Եվրոպան փառատոնների համար, փառատոնները Եվրոպայի համար» (EFFA) կնիքը փառատոնային քաղաքների եւ շրջանների համար» նախաձեռնության մեկնարկին։

Գագաթաժողովին կմասնակցեն 45 երկրից 120 փառատոների ղեկավարներ, քաղաքապետեր եւ այլ շահագրգիռ կողմեր, որոնք կկիսվեն իրենց մտքերով, մտահոգություններով եւ առաջարկներով։ Հանդիպմանը կմասնացեն նաեւ Եվրոպայի ամենահին և ամենախոշոր Էդինբուրգի միջազգային փառատոնը, Շլեսվիգ-Հոլշտայնի երաժշտական փառատոնը, Ֆլանդրիայի փառատոնը, ԲՈԶԱՐ-ը, Գդանսկի Շեքսպիրյան փառատոնը եւ այլն։

Գագաթնաժողովի մասնակիցները շրջայցներ կունենան Երեւանի տարբեր տեսարժան վայրերում, կայցելեն Ծիծեռնակաբերդ։



© NEWS.am STYLE