Անդրե. «Որոշ թուրքեր ընդունում են, որ «Սարի աղջիկ» երգը հայկական ծագում ունի…»

14:12   28 նոյեմբերի, 2013

Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի մեծ դահլիճում «Բաց ամբիոն» հանդիպում-միջոցառումների շրջանակում նոյեմբերի 28-ին ուսանողները հյուրընկալեցին երգիչ Անդրեին: Միջոցառումը բաղկացած էր երկու մասից. նախ՝ երգիչը խոսեց իր ստեղծագործական գործունեության եւ ԵՊԼՀ ուսանողական խորհրդի հետ համագործակցության մասին, իսկ երկրորդ մասում համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները հարցեր ուղղեցին սիրված երգչին:

Անդրեն, միանալով ԵՊԼՀ մագիստրատուրայի Տեղեկատվություն եւ հանրային հաղորդակցման տեխնոլոգիաներ բաժնի ուսանողների՝ «Սարի աղջիկ»-ը հայկական երգ է» նախաձեռնությանը, ձայնագրել է ժողովրդական այդ երգի իր տարբերակը եւ տեսահոլովակ նկարահանել:

«Նոյեմբերի սկզբին ուսանողների կողմից առաջարկ ստացա: Հաջորդ օրն իսկ Նիկ Եգիբյանի հետ սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ: Ձայնագրվեցինք, իսկ երեք օր հետո սկսեցինք նկարահանել տեսահոլովակը, որի պրեմիերան կլինի նոյեմբերի 30-ին»,- ասաց Անդրեն:

Հայկական այս գեղեցիկ երգը Թուրքիայում ավելի լայն ճանաչում ունի: Երբ երգիչը կարիերայում առաջին քայլերն է անում, անպայման իր երգացանկում ունենում է «Սարի գելին»-ը: Որոշ թուրքեր ընդունում են, որ երգը հայկական ծագում ունի, ոմանք էլ հակառակն են պնդում:

ԵՊԼՀ ուսանողների նպատակն է Հայաստանում նույնպես ճանաչելի դարձնեն այս երգը:

«Առաջին անգամ այս երգը լսել եմ Ֆլորա Մարտիրոսյանի կատարմամբ: Իսկ մինչ այդ, անկեղծ ասած, չեմ լսել: Միայն իմացել եմ, որ այն հայկական երգ է»,- նշեց Անդրեն:

Երգիչը ԵՊԼՀ ուսանողական խորհրդի հետ համատեղ իրականացնում է նաեւ «Ապրենք օգնելով» բարեգործական հերթական նախաձեռնությանը: «Շատ ուրախ եմ, որ համագործակցության առաջարկ ստացա: Ողջունելի է, երբ երիտասարդ աղջիկները, ովքեր արտաքինից նուրբ ու փխրուն են, նման նախաձեռնություններ են իրականացնում»,- ասաց Անդրեն:

Ծրագրերի նախաձեռնության կազմակերպչական գործում իր դերն ունի նաեւ երգչուհի Մարին, ով ուսանողական խորհրդի մշակութային հանձնաժողովի նախագահն է:

«Այսպիսի միջոցառումներ մեր համալսարանում հաճախ ենք կազմակերպում: Ասեմ, որ Անդրեն միշտ մասնակցում է դրանց: Այս նախաձեռնությունը շարունակական բնութ է կրելու: Ամեն ամիս մենք ներկայացնում ենք մի քանի արտիստների, հայտնի մարդկանց, քաղաքական գործիչների անուններ, իսկ ուսանողների քվեարկության արդյունքում ընտրում ենք մեկին: Այս անգամ Անդրեն ընտրվեց, ով համալսարանականների կողմից շատ սիրված է»,- մեզ հետ զրույցում ասաց երգչուհի Մարին՝ հավելելով. «Բարեգործական ծրագրով Անդրեի հետ համագործակցել ենք նաեւ 2011 թվականին: Համալսարանի բակում բարեգործական համերգ էինք կազմակերպել, իսկ հասույթը տրամադրեցինք փոքրիկ Մանեի բուժմանը: Այս տարի էլ դրամահավաք ենք իրականացնում, որպեսզի օգնենք փոքրիկ Անգելինային»:

Ի դեպ, ԵՊԼՀ-ի ուսանողներն անակնկալ էին պատրաստել երգչի համար. նրանք կատարեցին «Սարի աղջիկ» երգը: Չնայած վատառողջությանը՝ երգչախմբին միացավ նաեւ Անդրեն:

Մելինե Տոնոյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE