STARMUS VI․ հայ եւ համաշխարհային աստղերի տպավորիչ կատարումներն ու Տավուշի մանկապատանեկան երգչախմբի ցնցող ելույթը՝ Another World համերգի շրջանակում (ֆոտո/վիդեո)

10:08   8 սեպտեմբերի, 2022

Երեւանում այս օրերին գիտական ու երաժշտական անհավանական իրարանցում է․ քաղաքը սեպտեմբերի 5-ից հյուրնկալել է STARMUS VI փառատոնը, որի շրջանակում երեկ՝ սեպտեմբերի 7-ին, տեղի ունեցավ Another World/ «Ուրիշ աշխարհ» խորագիրը կրող համերգային ծրագիրը։ Երեկոյի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ մեկ բեմի վրա վայելելու հայտնի ու ազդեցիկ երաժիշտների կատարումները։

209495.jpg (266 KB)

Հուզմունք, ցնծություն ու անմոռանալի էմոցիաներ, որոնք պարգեւեցին Queen խմբի լեգենդար կիթառահար Բրայան Մեյը, Դերեք Շիրենյանը, Սայմըն Ֆիլիպսը, Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, Ջիվան Գասպարյան կրտսերը, Գրեհեմ Գոուլդմանը, Սերժ Թանկյանը, «Նեմրա» ռոք խումբը, Գոռ Սուջյանը եւ այլք։

209526.jpg (390 KB)

Համերգային ծրագրի ընթացքում հանդիսատեսին ցնցեց  Տավուշի Թեմի մանկապատանեկան երգչախումբը, որը կատարեց  Queen-ի երգացանկի ամենահայտնի հիթերից մի քանիսը՝ We Will Rock You, The Show Must Go On, Bohemian Rhapsody եւ Another One Bites The Dust երգերը: Նրանց բեմ հրավիրեց անձամբ Բրայան Մեյը, իսկ ելույթից հետո պատանի կատարողներն արժանացան հոտընկայս ու բուռն ծափահարությունների։

Երեկոյի շրջանակում հարգանքի տուրք մատուցվեց նաեւ անվանի հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանին։ Դուդուկահարի թոռը՝ Ջիվան Գասպարյան կրտսերն ու Բրայան Մեյը միասին նվագեցին «Սիրեցի, յարս տարան» ստեղծագործությունը։ Հայտնի կիթառահարը նշեց, որ տարիներ առաջ պատիվ էր ունեցել ծանոթանալու ու մեկ բեմում ելույթ ունենալու դուդուկի հայազգի լեգենդի հետ։

209543.jpg (519 KB)

Համերգը եզրափակվեց The Show Must Go On հիթով, որին հաջորդեցին հանդիսատեսի տեւական ծափողջույնները։

STARMUS VI փառատոնը տեւելու է մինչեւ սեպտեմբերի 10՝ ներառյալ։ Գիտության ոլորտի ամենատպավորիչ ու ամենահեղինակավոր փառատոններից մեկը Երեւանում է համախմբել Նոբելյան մրցանակակիրների, բնագիտության ասպարեզի ազդեցիկ գիտնականների, աշխարհահռչակ երաժիշտների, որոնք փառատոնային օրերի շրջանակում հանդես են գալիս ելույթներով, շնորհանդեսներով ու դասախոսություններով։

Փառատոնի համերգային ծրագրերի ընթացքում ելույթ են ունեցել նաեւ Տիգրան Համասյանը, Անդրեյ Մակարեւիչը, տիեզերագնաց եւ երաժիշտ Քրիս Հադֆիլդը եւ այլ հայտնիներ։

209496.jpg (214 KB)

209497.jpg (180 KB)

209500.jpg (277 KB)

209509.jpg (454 KB)

209548.jpg (296 KB)

209520.jpg (399 KB)

209551.jpg (670 KB)

209553.jpg (540 KB)

Լուսանկարները՝  Արմենպրեսի/Հայկ Մանուկյան, Գեւորգ Պերկուպերկյան
Տեսանյութը՝ Նոնա Մելոքոնյանի ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE