Ռուս կատակերգու Գարիկ Օգանիսյանին կրկին արգելել են մուտք գործել Վրաստան

16:42   9 սեպտեմբերի, 2022

Ռուս ստենդափեր Գարիկ Օգանիսյանին կրկին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։ Երիտասարդ արտիստը ծրագրել է համերգներ եւ վարձակալության պայմանագիր է կնքել բնակարանի համար։ Այս մասին նա հայտնել է Twitter-ում։

Ստենդափ արտիստի խոսքով՝ սահմանին ինքը հսկողություն իրականացնող անձնակազմին հայտնել է, որ երկու համերգ է ծրագրել։ Նրանցից մեկը պետք է տեղի ունենար Թբիլիսիում, իսկ մյուսը՝ Բաթումիում։ Բացի այդ, նա սահմանապահներին ծանուցել է, որ ունի վեց ամսով վարձակալության բնակարան։ Սակայն Օգաննիսյանին պաշտոնապես արգելել են մուտք գործել երկիր։

 «Պետք է ասեի, որ ընկերություն եմ անում Մղզավրեբիի հետ, միգուցե աշխատեր։ Կամ, որ երեկ հիացել եմ «Լիվերպուլի» դեմ Խվիչիի խաղով»,- կատակել է նա։

Ավելի վաղ Օգանիսյանն արդեն բախվել է Վրաստան մուտք գործելու մերժման հետ։ Հուլիսին նա ասել էր, որ փորձել է մուտք գործել երկիր, սակայն իրեն թույլ չեն տվել։



© NEWS.am STYLE