Հայտնի են Վենետիկի կինոփառատոնի լավագույն դերասանները

11:18   11 սեպտեմբերի, 2022

Քեյթ Բլանշեթը եւ Քոլին Ֆարելը Վենետիկի 79-րդ կինոփառատոնում ստացել են Վոլպիի գավաթներ՝ լավագույն կնոջ եւ տղամարդու դերերի համար։ Մրցանակների հանձնման արարողությունը հեռարձակվել է փառատոնի YouTube ալիքով։

Որոշումը հայտարարել է միջազգային ժյուրին՝ ամերիկացի դերասանուհի Ջուլիանա Մուրի գլխավորությամբ։

Բլանշեթը մրցանակը ստացել է Թոդ Ֆիլդի «Tar» ֆիլմում կերտած բեռլինյան ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորի առաջին կնոջ դերի համար։ Ժապավենի երաժշտության հեղինակը Հիլդուր Գուդնադոտտիրն է՝ առաջին կին կոմպոզիտորը, որն արժանացել է «Օսկար», «Ոսկե Գլոբուս» եւ «BAFTA» մրցանակ լավագույն օրիգինալ երաժշտության համար։

Ֆարելը Բրենդան Գլիսոնի հետ խաղացել է Մարտին ՄակԴոնաղի «The Banshees of Inisherin» ֆիլմում, որի համար արժանացել է 13 րոպե հոտնկայս ծափահարությունների։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված է հոկտեմբերի 21-ին: Սյուժեն պատմում է երկու ընկերների կոնֆլիկտի մասին, որը ծավալվել է հեռավոր իռլանդական կղզում։

 

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝ AP



© NEWS.am STYLE