«Հայաստանը հարձակման թիրախ դարձած խաղաղ ժողովրդավարական երկիր է». Թանկյանի արձագանքն Ադրբեջանի սանձազերծած գործողություններին

17:19   13 սեպտեմբերի, 2022

Երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ սահմանին տիրող իրավիճակին։

«Ես Հայաստանում էի: Ոչ ոք արժանի չէ ռասիստական նավթադոլարային օլիգարխիկ բռնապետությունների կողմից հարձակման ենթարկվելու եւ սպանվելու: Հայաստանը հարձակման թիրախ դարձած խաղաղ ժողովրդավարական երկիր է: Օգնեք տարածել սա խնդրում եմ: Ադրբեջանը գնդակոծում է քաղաքացիական անձանց տները Հայաստանի հյուսիսից մինչեւ հարավ. քաղաքացիները պատսպարվում են թաքստոցներում:

«Ճշմարտության եւ արդարության կենտրոնը» պահանջում է քաղաքացիական անձանց պաշտպանել մարդու իրավունքների խախտումներից: «Ճշմարտության եւ արդարության կենտրոնը» ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ին եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին կոչ է անում քայլեր ձեռնարկել`դատապարտելով միջազգային օրենքների, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եւ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ԱՄԴ-ի հրամանի խախտումները», - հրապարակմանը կից գրել է երաժիշտը`տեղադրելով «Ճշմարտության եւ արդարության կենտրոնի» պաշտոնական էջի տարածած տեղեկատվական լուսանկարը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:



© NEWS.am STYLE