ՀՀ սահմանին տիրող իրավիճակին Ռոբերտ Քարդաշյանի անդրադարձը

22:46   13 սեպտեմբերի, 2022

Ամերիկահայ հեռուստաաստղ եւ գործարար Քիմ Քարդաշյանի եղբայրը՝ Ռոբերտ Քարդաշյան կրտսերը իր ինստագրամյան էջի Stories բաժնում արված հրապարակմամբ անդրադարձել է ՀՀ սահմանին առկա իրավիճակին:

Քարդաշյանը կիսվել է իր զարմիկի՝ Ջեք Քարդաշյանի գրառմամբ, որում ասվում է. «Պատկերացրեք ձեր օրը սկսում եք այլ օրերի պես. արթնանում եք, համբուրում եք ձեր կնոջն ու երեխաներին եւ գնում աշխատանքի: Երեկոյան վերադառնում եք տուն, հավաքում առաջին անհրաժեշտության իրերն ու ձեր կնոջ ու երեխաների հետ վազում որքան հնարավոր է հեռու՝ թողնելով ընտանիքին եւ ընկերներին: Թողնում եք ամենը ինչ ստեղծել եք եւ ձեր երկիրը՝ փրկելու ձեր ընտանիքի եւ ձեր կյանքը:

Հիմա այս ամենը պատկերացրեք առանց կյանքի հարմարավետությունների, որոնք ունեք այստեղ (ԱՄՆ-ում. խմգր.): Պաատկերացրեք, որ այս ամենը պիպտի անեք առանց ֆինանսական միջոցների, առանց տրանսպորտի, առանց որեւէ մեկի օգնության:

Ցավոք Հայաստանում պատկերացնելու կարիք չկա. երեկվա դրությամբ դա իրականություն է եւ միակ նախազգուշացումը հրթիռներն էին, որոնք ընկել են մարդկանց բակերում: Աղոթե՛ք Հայաստանի համար»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Այս պահի դրությամբ հայտնի է 49 զոհի մասին:



© NEWS.am STYLE