«Ես կխոսեմ, քանի որ հոգնել եմ իմ մարդկանց սպանելու Ադրբեջանի բարբարոս վարքագծից». բրիտանահայ շոումեն Գէւ Օրգեանը`Սյունիքում ընթացող պատերազմի մասին

11:55   15 սեպտեմբերի, 2022

Բրիտանահայ շոումեն Գէւ Օրգեանը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում հրապարակել է տեսանյութ՝ խոսելով Հայաստանի հարավային շրջանների վրա Ադրբեջանի հարձակման եւ դրա վերաբերյալ աշխարհի լռության մասին:

View this post on Instagram

A post shared by Kev Orkian (@realkevorkian)

Տեսանյությունը մակագրված է. «Ինձ համար իմ մարդիկ բավականաչափ շատ են մահացել»:

«Բոլոր նրանց համար ովքեր դիտում են այս տեսանյութը պարզապես պիտի ասեմ. հոգնել եմ, որ ոչ ոք չի խոսում պատերազմից, որն այս պահին ընթանում է իմ երկրում՝ Հայաստանում, որտեղ անմեղ զինվորներ, անմեղ մարդիկ եւ անմեղ ընտանիքներ, երիտասարդներ եւ մեծահասակներ են մահանում ամեն օր, քանի որ Ադրբեջանը կրկին հարձակում է նախաձեռնել իմ երկրի վրա՝ խաղաղության բանակցությունների գնալուց հետո: Սա անընդունելի է: Ոչ ոք չի խոսում սրա մասին. ո՛չ լրատվականները, ո՛չ թերթերը, ո՛չ ռադիոն, ո՛չ ոք:

Ռուսաստա՛ն, խլացե՞լ ես, լռու՞մ ես հրթիռների ձայների մասին: Միացյալ Նահանգները նույնպես, Մեծ Բրիտանիան նույնպես: Ես ամաչում եմ, որ այդքան շատ բան է տեղի ունենում իմ երկրում եւ ոչ ոք չի խոսում այդ մասին:

Ադրբեջա՛ն ի՞նչ է կատարվում քո մտածելակերպի հետ: Բարբարոսական եւ բռնի է: Դու պարզապես ուզում ես սպանել եւ հողեր գրավել: Ինչու՞ համար: Չէ՞ որ սա 21-րդ դարն է: Նստի՛ր կլոր սեղանի շուրջ՝ դու խաղաղության համաձայնագրերի տակ ստորագրել ես, ուրեմն ինչու ես շարունակում սպանել իմ մարդկանց: Կարծում՞մ ես ոչ ոք չի խոսի սրա մասին: Ես կխոսեմ, քանի որ հոգնել եմ իմ մարդկանց սպանելու Ադրբեջանի բարբարոս վարքագծից: Բավական է խոսեք: Ես այլեւս չեմ ուզում, որ հայեր մահանան», - հրապարակված տեսանյութում ասում է շոումենը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Այս պահի դրությամբ հայտնի է 105 զոհի մասին:



© NEWS.am STYLE