«Անմեղ մարդիկ են զոհվում․ խոսեք այս մասին»․ «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը կոչ է արել սատարել հայերին (վիդեո)

14:05   16 սեպտեմբերի, 2022

«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինը սոցիալական ցանցերի իր էջերում իրեն հետեւողներին կոչ է արել անտարբեր չլինել Հայաստանում կատարվող իրադարձությունների նկատմամբ։ Երգչուհին տեղեկացրել է, որ այս պահին Միացյալ Նահանգներում է, բայց միտքն իր տան հետ է։ Գրառմանը կից Ռոզան տեսանյութ է հրապարակել, որում կատարում է իր «Տիեզերք» երգը։

«Հայաստանը ռմբակոծվում է։ Ես հիմա հեռու եմ իմ տնից՝ ԱՄՆ-ում եմ, զբաղված եմ նրանով, ինչի մասին միշտ երազել եմ, բայց այս պահին իմ տունը, իմ երկիրը տառապում է։ Ես ընդմիջեցի տեսահոլովակիս նկարահանումները, որպեսզի կատարեմ այս՝ խաղաղություն ու սեր տարածող երգը՝ ազգիս ավելի մոտ գտնվելու համար։ Մինչ աշխարհում բոլորն ինձ շնորհավորում են Snap-ի գրանցած հաջողությունների առթիվ, իմ սիրտն արնահոսում է։ 

Երաժշտության միջոցով ուզում եմ ձեր ուշադրությունը սեւեռել այն ամենի վրա, ինչ այս պահին կատարվում է իմ երկրում։

Խոսեք։ Անմեղ մարդիկ են զոհվում։ Բարձրաձայնեք այս մասին, համախմբվեք, մենք՝ բոլորս, մարդ ենք։ Բոլորս էլ արժանի ենք խաղաղ ապրել»,-գրել է նա։



© NEWS.am STYLE