Ուրվական փառատոնը հետաձգվում է․ այն տեղի կունենա 2023-ին

12:07   17 սեպտեմբերի, 2022

Ուրվական փառատոնը հետաձգում է անցկացման ժամկետները։ Փառատոնն այս տարվա սեպտեմբերի փոխարեն կանցկացվի 2023 թվականին։ Հետաձգման մասին հայտարարություն են տարածել փառատոնի կազմակերպիչները։

«Ուրվականը հետաձգվում է 2023թ.։

Ծանր սրտով մենք դադարեցրել ենք այս տարվա փառատոնի հետագա բոլոր աշխատանքները և Ուրվականը տեղափոխել ենք 2023 թվական: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հակամարտության սրումը մեզ համար շոկային էր, և չնայած այն հանգամանքին, որ կողմերը եկել են զինադադարի համաձայնության, դժվար է կանխատեսել, թե ինչպես իրավիճակը կզարգանա առաջիկա օրերին։

Նման որոշում դժվար էր կայացնել, քանի որ մենք առաջին անգամ չենք հետաձգում մեր աշխատանքները։  2020 թվականին COVID-ի համաճարակն ամբողջ աշխարհում կասեցրեց իրադարձությունները, այնուհետև Արցախում և Ուկրաինայում մոլեգնող պատերազմները որոշ ժամանակ թույլ չտվեցին մեզ նույնիսկ մտածել նոր փառատոնի անցկացման մասին։ Այս տարի մենք փորձեցինք վերագործարկել «Ուրվականը»՝ հաշվի առնելով նոր իրողությունները, որոնց առջև կանգնած են մեր տարածաշրջանը և աշխարհը: Մինչ մենք կազմակերպում էինք փառատոնը, փառատոնային որոշ թեմաներ էլ ավելի իրական դարձան, և այժմ նորից ականատես ենք դառնում ավտորիտար առաջնորդների ագրեսիվ գործողությունների։

Մեզ համար դա հեշտ որոշում չէ, բայց հուսով ենք, որ մեր ընկերներն ու հանդիսատեսը կշարունակեն աջակցել մեզ: Մենք կանգնած ենք Հայաստանի կողքին և հույս ունենք, որ վերջապես կգա Ուրվականի ժամանակը։

Մենք անհամբեր սպասում ենք շատ շուտով վերամիավորվել այլ հանգամանքներում»․ - նշված է հայտարարության մեջ։



© NEWS.am STYLE