«Արդյոք կլինե՞ն սանկցիաներ Ադրբեջանի դեմ, թե՞ Եվրոպային կամ Ամերիկային այնքան էլ «հարմար» չէ ինչ-որ բան ասել այս իրավիճակի մասին»․ Տիգրան Համասյան

13:27   17 սեպտեմբերի, 2022

Հայտնի հայ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ ագրեսիային ու պատմել հետեւողներին սահմանին կատարվող իրադարձությունների մասին։ Համասյանը տեղեկացրել է, որ որոշել է չչեղարկել նոյեմբերին սպասվող իր շրջագայությունը, որպեսզի երաժշտության միջոցով կարողանա սփոփել իր հանդիսատեսին։

«Սեպտեմբերի 13-ից սկսած այնպիսի զգացողություն էր մոտս, որ ուզում էի նստել տանն ու հետաձգել իմ կյանքի բոլոր ծրագրերը, բայց շնորհակալ եմ Աստծուն, որ հանկարծ լուծումը գտա երաժշտության ստեղծման ու հնչյունների մեջ․ այս գործընթացն օգնում է, որ ողջամիտ մնամ հուսահատության այս ժամանակաշրջանում․․․ Գուցե, իմ լսարանին էլ է պետք նման սփոփանք երաժշտության միջոցով։ Այսպիսով, ուզում եմ տեղեկացնել, որ նոյեմբերին՝ Միացյալ Նահանգներում ու Կանադայում նախատեսված իմ շրջագայություններն ուժի մեջ են»,-գրել է աշխարհահռչակ հայ երաժիշտը:

307159038_638378914310175_5111294471989979537_n.jpg (97 KB)

«Իմ սիրտը այն 130 զինվորների ընտանիքների հետ է, որոնք զոհվել են ադրբեջանական բանակի՝ Հայաստանի սահմաններ ներխուժման հետեւանքով։ Ցավոք սրտի՝ միջազգային մամուլը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների հանդեպ այս ներխուժումն անվանում է «սահմանային բախումներ», որովհետեւ նրանք այս օրերին մի քիչ նավթ են ստանում Ադրբեջանից, որով փոխհատուցում են ռուսական նավթի պակասը... Տեսնենք՝ արդյոք կլինե՞ն ինչ-որ սանկցիաներ Ադրբեջանի դեմ կամ ռազմական փոքրիկ օգնություն Հայաստանին, թե՞ Եվրոպայի կամ Հյուսիսային Ամերիկայի համար այնքան էլ «կարեւոր» եւ «հարմար» չէ ինչ-որ բան ասել այս իրավիճակի վերաբերյալ»,-հավելել է նա։



© NEWS.am STYLE