«Հայաստանը կրկին կանգնած է աշխարհի երեսից ջնջվելու դավադրության առջեւ». Բրայան Մեյը՝ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

10:45   19 սեպտեմբերի, 2022

Աշխարհահռչակ Queen խմբի կիթառահար Բրայան Մեյն աշխարհի ուշադրությունն է հրավիրել Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումների վրա՝ «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր հարթակում կիսվելով System of A Down ռոք խմբի տարածած հայտարարությամբ:

View this post on Instagram

A post shared by Brian Harold May (@brianmayforreal)

«Բարեւ մարդիկ: Ես խախտում եմ իմ լռությունը, քանի որ հերթական ողղբերգությունն է ծավալվում եւ վտանգ կա, որ լրատվականները, ինչպես միշտ, ճշմարիտ տեղեկատվություն չեն հաղորդի: Հայաստանը փոքր երկիր է՝ զուրկ գազից, նավթից եւ զգալի հարստություններից, քրիստոնեության եւ ժողովրդավարության կղզի՝ բոլոր կողմերից շրջապատված բռնապետություններով: Այն աշխարհի ամենախաղաղ երկրներից է՝ խորն արմատացած տխրությամբ, որն իր պատմոււթյունից է գալիս. առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից սպանվել է 1,2 միլիոն հայ՝ դաժան էթնիկ զտումների շրջանակում, որը դեռեւս հերքվում է Թուրքիայի կողմից: Այսօր Հայաստանը կրկին կանգնած է աշխարհի երեսից ջնջվելու դավադրության առջեւ: Ընդհամենեը 2 օր առաջ սահմանամերձ հայկական գյուղերը կրկին գնդակոծվեցին Ադրբեջանի կողմից`հայերին ահաբեկելու եւ անկայունության մատնելու համար: Հայաստանը բոլորովին անպաշտպան է երեք անողոք բռնապետությունների ոչ սուրբ դաշինքի դեմ եւ Արեւմուտքի լիակատար աջակցության կարիքը ունի: Խնդրում եմ կարդացեք System of a Down-ի՝ Հայաստանի մեծագույն ռոք խմբի այս գրությունը: Վերջերս պատիվ ունեցա Հայաստանում ելույթ ունենալ նրանց երգչի`հանճարեղ Սերժ Թանկյանի հետ: Աշխարհը պետք է իմանա սրա մասին. խնդրում եմ վերահրապարակեք այն`հակազդելու Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից տարածվող ապատեղեկատվությանը, ըստ որի, հայը ագրեսոր է, ինչպես Ռուսաստանն է ներկայացնում անմեղ ուկրաինացիներին: Սրտի գերիշխանության աշխարհում մենք պետք է խոսենք հանուն ճշմարտության եւ արդարության», - հրապարակմանը կից գրել  է երաժիշտը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Այս պահի դրությամբ հայտնի է 135 զոհի մասին:



© NEWS.am STYLE