««Մարդ» Սրճարանից հեռու պատերազմն է». Ավետ Բարսեղյանը`անտարբեր հասարակությանը

15:05   20 սեպտեմբերի, 2022

Երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանն իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել`անդրադառնալով այս ծանր օրերին անտարբեր ապրող մարդկանց:

View this post on Instagram

A post shared by Avet Barseghyan (@avetbarseghyan)

««Մարդ» Սրճարանից հեռու պատերազմն է, իսկական կռիվ ու մահ։ Դու սուրճդ ես խմում, իսկ նա՝ իր սեփական արյունը…

Սրճարանիցդ այն կողմ՝ իսկական զուգահեռ իրականության մեջ, Տղերքն են՝ քեզնից քիչ ապրած, քո կեսին չհասած, բայց քեզնից առավել հարուստ ու ողջ։

Մեռածը մենք ենք մեր սրճարաններում։ Մեր հայրենիքը էսպրեսոն է, խնդիրը՝ ուշ բերեցին-ը, իսկ իրական խրամատում վառոդ են խմում, խնդիրը մինեւ վերջ պահելն է, չուշացնելը։

Զինվորները կռվում են, որ քո կոֆեն շուտ բերեն։ Մենք խոսում ենք, վերլուծում, փիլիսոփայում, քաղաքական գնահատականներ տալիս, լարվում-լացում, բողոքում, չքնում, թերթում, կարդում, պոստեր անում…

Իսկ Պոստերում կռիվ է, իսկական…

Կասեն ինձ հիմա.

-Հա, բայց բոլորը չեն զինվոր ու պիտի կռվեն, սա էլ մեր դաշտն է, մենք էլ մեր դաշտի զինվորը…

Կասեմ.

-Իրավացի եք, բայց երբ իսկական մարդը կռվում է, բոլորս սրճարանում պիտի դառնանք…ՄԱՐԴ», - գրել է երգահանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ հայտնած տեղեկությունների համաձայն՝ կրակը դադարեցվել է սեպտեմբերի 14-ին ժամը 20:00-ին:

Այս պահի դրությամբ հայտնի է 207 զոհի եւ անհայտ կորածի մասին:



© NEWS.am STYLE