Իմացեք, թե ով եք Դուք. ուղղանկյո՞ւն, թե՞ քառակուսի: Հոգեերկրաչափության հիմքերը

18:26   30 նոյեմբերի, 2013

Թվում է՝ ի՞նչ կարող են պատմել մարդու մասին շրջանը, ուղղանկյունը կամ զիգզագ: Առաջին հայացքից` ոչինչ:

Չէ՞ որ սրանք պարզապես երկրաչափական պատկերներ են: Բայց ոչ

Հոգեբանները վստահեցնում են, որ դրանք կարող են պատմել մարդու բնավորության մասին: Իսկ ինչպե՞ս: Սրա մասին էլ խոսելու ենք: Հոգեերկրաչափությունը թույլ է տալիս 95–98% ճշտությամբ դատել անձի մասին: Այնպես որ՝ ստացված եզրակացությունները պետք չէ կասկածի տակ առնել:

Կողմնորոշվեք նախապատվության հարցում

Նկարեք շրջան, քառակուսի, եռանկյուն, ուղղանկյուն, զիգզագ: Ուշադիր նայեք նկարված պատկերներին եւ ընտրեք այն, որն ավելի շատ է համապատասխանում ձեր հոգեվիճակին եւ ներկայացնում է ձեզ՝ որպես անհատ: Մնացած ֆիգուրները դրեք ըստ նախապատվության աստիճանի: Հիշեք հետեւյալ հաջորդականությունը. առաջին տեղում դուք եք, իսկ վերջին տեղում՝ այն մարդուն խորհրդանշող պատկերը, ում հետ ձեզ ամենից դժվարն է հաջողվում լեզու գտնել: Ամեն դեպքում՝ նա երբեք ձեր ընկերը չի դառնա:

Սիրային եռանկյունի 

Եռանկյունի սիրող աղջիկները հաճախ են հոգեբանական առումով դրա մեջ հայտնվում: Նրանք երկար ժամանակ չեն կարողանում երկու տղամարդու միջեւ ընտրություն կատարել: Թվում է՝ ե՛ւ մեկն է լավ, ե՛ւ մյուսը վատ չէ: Եթե հնարավոր լիներ միացնել նրանց… Ուրեմն միացրեք: Փնտրեք երրորդին եւ հանգստի ուղարկեք այս երկուսին: Նրանք չեն համարձակվի Ձեզ հետ վիճել, քանի որ դուք բնածին առաջնորդ եք, ի դեպ՝ ոչ միայն անձնական հարաբերություններում, այլեւ աշխատանքում: Վերջինը ձեզ համար ընտանիքից կարեւոր է:

Ձեր կյանքի իմաստն ամուսնանալը չէ, այլ կարիերա ստեղծելը: Օժտված լինելով նպատակակետի վրա կենտրոնանալու բացառիկ ունակությամբ՝ դուք հեշտությամբ հասնում եք այն ամենին, ինչին ցանկանում եք: Դուք ամեն ինչ միանգամից ըմբռնում եք՝ սպունգի նման կլանելով գիտելիքն ու տեղեկատվությունը: Իրավիճակն արագ եւ խորը վերլուծելով՝ կարողանում եք ելք գտնել: Բայց երբեմն շատ ինքնավստահ եք լինում, նույնիսկ ակնհայտ սխալի դեպքում պնդում եք ձեր ճիշտ լինելը եւ մեծ դժվարությամբ եք ընդունում ձեր սխալները:

Չափից դուրս եսակենտրոն մի եղեք: Փայլուն կատարելով գործը՝ արդյունքները ղեկավարությանը ներկայացնում եք ձեզ համար շահեկան լույսի ներքո, լռելով այն մարդկանց ներդրման մասին, ովքեր ձեզ օգնել են: Դուք երբեք ձեզ չեք զրկի հակառակորդներին առճակատելու հաճույքից: Վտանգավոր խաղերի եւ ինտրիգների մեջ ձեզ հավասարը չունեք: Հակառակորդի հետ պայքարում աշխատեք արգելված հնարքներ չկիրառել եւ շրջապատի նկատմամբ ավելի ուշադիր եղեք, եթե չեք ուզում նրանց ձեր դեմ տրամադրել:

Պյութագորասյան տաբատներ

Եթե ձեզ քառակուսին է ձգում, ապա դուք անդուլ աշխատավոր եք, ով միշտ սկսած գործն ավարտին է հասցնում: Դրա հետ մեկտեղ, դուք աննախադեպ ջանասիրություն եք ցուցաբերում, համբերություն եւ հաստատակամություն: Հետեւողականության եւ մեթոդիկայի շնորհիվ մասնագիտական ոլորտում հաջողության եք հասնում. աշխատավայրում ձեզ գնահատում են, ինչպես բարձրակարգ մասնագետի: Ձեր ուժեղ կողմը տեղեկատվությանը տիրապետելն է, որը հավաքելով տարբեր աղբյուրներից՝ տեսակավորում եք, դասավորում դարակներով եւ հեշտությամբ հանում հիշողությունից: Շրջապատում հիանում են ձեր հանրագիտարանային գիտելիքներով: Դուք ամեն բան նկատում եք, հիշում, համեմատում ու վերլուծում: Այդ պատճառով ձեր կանխատեսումներն ու խորհուրդները միշտ նշանակետին են դիպչում: Որոշում կայացնելով՝ ձեր տեսակի կանայք առաջնորդվում են ոչ թե ներքին զգացումով, այլ տրամաբանությամբ: Նրանք ավելի շուտ արդյունքը ստանում են, քան կռահում այն: Ձեր իդեալն է՝ մինչեւ վերջին մանրուքը ծրագրված, չափված կյանք, որտեղ ամեն ինչ կանխատեսելի է: Պարզապես դուք չեք սիրում անսպասելիություն եւ անակնկալ:

Այդպիսի կանայք հաճախ լավ ադմինիստրատոր եւ կատարող են դառնում, սակայն որոշում կայացնելու համար մշտապես պահանջվող լրացուցիչ ինֆորմացիայի հետեւանքով հազվադեպ են հասնում մենեջերի հաջողության: Բացի այդ, հաշվենկատությունն ու սառնասրտությունը «քառակուսի» կանանց խանգարում է հեշտ եւ հանգիստ շփվել հաճախորդների եւ գործընկերների հետ: Սովորեք հարմարվել մարդկանց:

Տրանսֆորմերի դերում

Ուղղանկյան վրա՞ եք կանգ առել: Դուք խնդիրներ ունեք: Սա եռանկյուն կամ քառակուսի չէ, այլ մի պատկերից մյուսին անցնող փոխանցիկ ձեւ: Ուղղանկյունը նախընտրում են իրենց կյանքից դժգոհ աղջիկները: Նրանք սպիտակ ձիով արքայազնի եւ արեւի տակ տեղ ունենալու որոնումների մեջ են: Այդպիսի կանայք ցածր ինքնագնահատական ունեն, հաճախ են շփոթմունքի մեջ ընկնում, որեւէ կերպ չեն կարողանում կարգի բերել իրենց մոտ առաջացած տհաճ իրավիճակները, մշտապես անորոշության մեջ են: Նման աղջիկների վրա հույս դնելն անհնար է: Փոխարենը նա հետաքրքրասեր է եւ աշխուժորեն հետեւում է տեղի ունեցող ամեն ինչի: Նման աղջիկը կարող է անսպասելիորեն գլխավոր տնօրենին բարդ հարց տա, որի համարձակությունն ուրիշները չունեն, հանձն առնի նախագծեր, որից բոլորը հրաժարվում են: Ընդ որում, այս ամենն անում է մեկ բանի՝ իր ինքնագնահատականը բարձրացնելու համար:

Աղբյուրը՝ superstyle.ru



© NEWS.am STYLE