Պատերազմի, սիրո, միասնության մասին իրական պատմությունների էկրանավորումներ. NEWS.am Style-ը ներկայացնում է 5 գեղարվեստական ֆիլմ Արցախյան պատերազմների մասին

20:54   28 սեպտեմբերի, 2022

News.am Style -ը ներկայացնում է Արցախյան պատերազմների եւ հակամարտության մասին պատմող 5 գեղարվեստական ֆիլմեր, որոնք պետք է դիտել:

«Զեմլյակ»

Կարճամետրաժ դրաման, որը նկարահանվել է 2010 թվականին Շարմ Հոլդինգի կողմից, Էդգար Բաղդասարյանի եւ Կարեն Հովհաննիսյանի համատեղ աշխատանքն է եւ հիմնված է իրական պատմության վրա: Գլխավոր դերում Խորեն Լեւոնյանն է: Ֆիլմում նկարահանվել են մաեւ Ալեքսանդր Խաչատրյանն ու Բաբկեն Չոբանյանը:

1454031486_kinopoisk.ru-zemlyak-1711575.jpg (162 KB)

Ֆիլմի սյուժեն ծավալվում է 1992 թվականին`պատմելով հայ հետախույզների մասին, որոնք անցնում են ձյունապատ լեռներով: Նրանցից մեկը ի վիճակի չի լինում շարունակել ճանապարհը եւ հրամանատարը հրամայում է մնալ տեղում եւ սպասել օգնության, ինչը կերպարի համար բարդագույն հոգեբանական ընտրություն կատարելու հրամայական է  դառնում:

«Զեմլյակ»-ը դասվում է ֆիլմերի շարքին, որոնք պատերազմից բացի նաեւ խաղաղության կոչ են անում:

«Կյանք ու կռիվ»

Ֆիլմը էկրաններ է բարձրացել 2016 թվականին. ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է: Այն լիամետրաժ ֆիլմ է, որի գործողությունները ծավալվում են 1990-ից 1992 թվականներին`Երեւանում եւ Արցախում:

Ֆիմը պատմում է դպրոցական տարիներից ընկերացած 4 տղաների եւ իրենց 2 քույրերի մասին: 25-ամյա հերոսները տարբեր ճակաըագրեր ունեն, սակայն բոլորին միավորում է մեկ պատմություն`Արցախյան ազատամարտը: Արմենը թարգմանիչ է՝ կադրային զինծառայողի որդի։ Տիգրանը մաթեմատիկայի ուսուցիչ է եւ դասավանդում է գյուղական դպրոցում՝ խուսափելով զինծառայությունից։ Էդուարդը, ում ընտանիքը տեղափոխվում է Միացյալ Նահանգներ, նկարիչ է։ Իսկ Լեւոնը վիրաբույժ է եւ արդեն երկար տարիներ ապրում է Մոսկվայում, որտեղ նրա հայրը կլինիկայ է ղեկավարում։ Երեք ընկերները սիրահարված են Աննային՝ Արմենի քրոջը եւ հանուն ազնվության պայմանավովում են, որ աղջկա սիրտը գրավելու համար յուրաքանչյուրը 3 ամիս ունի՝ առանց միիմյանց խանգարելու: Ֆիլմում քաղաքի սովորական տղան դառնում է հերոս՝ պատերազմի հերոս:

14590523_200482290378246_4280617466558793873_n.jpg (222 KB)

Ֆիլմում օգտագործվել են իրական կադրեր Շուշիի ազատագրումից, րական զինտեխնիկա եւ զինամթերք: Հերոսներին մարմնավորել են Սամվել Թադեւոսյանը, Անի Խաչիկյանը, Հայկ Պետրոսյանը, Սամվել Թոփալյանը, Դավիթ Հակոբյանն ու այլոք:

«Վերջին բնակիչը»

Ֆիլմը արցախցի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հեղինակային աշխատանքն է, որը նկարահանված է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջեւանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա`Մասիս Բաղդասարյանի հետ համատեղ մշակված սցենարով: Այն 5 պետությունների՝ Հայաստանի, Լիտվիայի, Շվեդիայի, Լիբանանի եւ ԱՄՆ-ի համատեղ արտադրություն է: Ֆիլմի նկարահանումները կատարվել են Արցախի Խաչմաչ գյուղում:

2017 թվականին Ֆիլմն առաջադրվել է 74-րդ «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը։ Ցուցադրվել է Շանհայի 20-րդ Միջազգային կինոփառատոնի պաշտոնական՝ «Պանորամա» ծրագրում, Վենետիկի 74-րդ միջազգային կինոփառատոնի Venice Production Bridge -ում եւ Սկանդինավյան միջազգային կինոփառատոնում հաղթող է ճանաչվել միանգամից երկու՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» եւ «Լավագույն դերասան» անվանակարգերում։

163970021_2116952981945574_6816313021941329953_n.jpg (116 KB)

Ֆիլմը պատմում է պատերազմի ընթացքում գյուղում միայնակ մնացած Աբգարի եւ նրա դստեր մասին, ով Սումգայիթյան ջարդերի ականատես է եղել եւ հոգեկան խնդիրներ ունի:

Ֆիլմում ննկարահանվել են Ալեքսանդր Խաչատրյանը, աշխարհահռչակ պարսիկ դերասան Հոմայուն Էրշադին, լատվիացի դերասանուհի Սանդրա Դաուկշայտե Պետրովլենեն, հույն դերասանուհի Դիմիտրա Խուտապին եւ այլոք: Ֆիլմի երաժշտության հեղինակը System of A Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն է:

«Իմ Խաչը»

Իրական պատմությունների հիման վրա նկարահանված գեղարվեստական ֆիլմ է, որը ներկայացնում է 1991-1992 թվականներին արցախյան ազատագրական պայքարի մասնակիցների սխրանքների մասին: Ֆիլմը էկրաններ է բարձրացել 2019 թվականին:

Նախագծի մեկնարկը տրվել է 2014 թվականին՝ «Ռակուրս» եւ մոսկովյան «AP Cinema» ընկերութիւնների կողմից՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ: Ֆիլմում տեղ են գտել Շավարշ Վարդանյանի անձնական արխիվից երբեւէ չհանրայնացված վավերագրական կադրեր:

Ֆիլմի սյուժեն հյուսվում է Բաքու գործուղված ֆրանսիացի բժիշկ Ժակի եւ որդեկորույս հայ կնոջ՝ Սոնայի ճակատագրերի շուրջ: Երկու հերոսները միասին բազմաթիվ փորձություններով են անցնում եւ  իրենց անձնական դրաման հաղթահարում միմյանց հանդեպ նվիրման շնորհիվ:

70428788_396470484403589_4085243467410702336_n.jpg (137 KB)

Ֆիլում խաղացել են Նարինե Գրիգորյանը, Երո Մուրյանը, Բորիս Խովոշնեանսկին, Սարգիս Գրիգորյանը, Շանթ Հովհաննիսյանը, Գնել Ուլիխանյանն ու այլոք:

«Գարուն ա...»

Ֆիլմ՝ պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին՝ երեք սերունդների աչքերով. այն էկրաններ է բարձրացել 2022 թվականին:

Ֆիլմի ռեժիսորը Ռոման Մուշեղյանն է, գլխավոր պրոդյուսերը դերասան Ալեքսանդր Խաչատրյանը, սցենարի հեղինակը Հարություն Ղուկասյանը: Ֆիլմի երաժշտության հեղինակը Արման Էլբերտն է: Aratta Production-ի, Vision Studio-ի, Phoenix Art Foundation-ի համատեղ արտադրությունն է: Ֆիլմի ստեղծման գաղափարը գլխավոր պրոդյուսեր եւ դերասան Ալեքսանդր Խաչատրյանինն է:

Ֆիլմի սյուժեն պտտվում է երեք հերոսների՝ պապի, որդու եւ թոռան ծուրջ, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է մերօրյա հասարակության մտածելակերպը: Պապը, ով պահեստազորային գնդապետ է եւ մասնակցել է Արցախյան ազատամարտին, կարծում է, որ թոռը պիտի ծառայի բանակում, իսկ որդին՝ բիզնեսմեն Գնելը մինչ օրս չի ներել հորը՝ հայրենիքն ընտանիքից վեր դասելու համար: Թոռը երաժիշտ է եվ ծնողները ցանկանում են, որ Եվրոպայում պրոֆեսիոնալ կրթություն ստանա, սակայն տղան, ոգեւորված պապի գաղափարափոսությամբ, մեկնում է զինվորական ծառայության եւ հենց այդ ժամանակ էլ սկսվում է Արցախյան քառօրյա պատերազմը:

272187453_1452587268494216_7860789757789435767_n.jpg (188 KB)

Գլխավոր հերոսներին մարմնավորել են Ալեքսանդր Խաչատրյանը, Լեւոն Հախվերդյանը, Արմեն Մարգանյանը, Մարջան Ավետիսյանը, Ալիս Կապլաջյանը եւ Եվա Զոհրաբյանը:



© NEWS.am STYLE