Ամերիկացուն կասկածում են Ֆրիդա Կալոյի 10 մլն. արժողությամբ նկարն այրելու համար

11:23   29 սեպտեմբերի, 2022

Մայամիից մի միլիոնատեր իբր այրել է Ֆրիդա Կալոյի նկարը՝ իր NFT նախագծի մեկնարկին, հայտնում է NY Post-ը:

Հուլիսին կասկածյալ գործարար Մարտին Մոբարաքը տեսանկարահանել է հոլովակ այն մասին, թե ինչպես է մարտինիի բաժակով հրկիզում Կալոյի՝ Fantasmones Siniestros նկարը: Ինչպես երեւում է տեսանյութից, միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ հյուրեր։ Նկարի հրկիզումը, ինչպես մտածում էր միլիոնատերը, պետք է խթաներ հազվագյուտ ստեղծագործության թվային տարբերակների վաճառքը։

pic_2204c343bd84e1af22c966a7487c2259.jpg (23 KB)

«Հուսով եմ, որ բոլորը կկարողանան հասկանալ այս ժեստը եւ դրանում ինչ-որ դրական բան կտեսնեն», - ասել է Մոբարաքը իր գործողությունների մասին:

Իր վերոնշյալ նախագծի շրջանակում գործարարը նախատեսել էր վաճառել նկարի 10 հազար օրինակ՝ հասույթը տրամադրելով Մեքսիկայի Գեղարվեստի պալատին, Ֆրիդա Կալոյի տուն թանգարանին եւ մի քանի բարեգործական կազմակերպությունների, որոնք օգնում են հիվանդ երեխաներին:

Ոստիկանությունն ուսումնասիրում է Կալոյի նկարի ոչնչացման գործը:



© NEWS.am STYLE