Ռոլանդ Գասպարյան. «Հատուկ վերադարձել եմ Միացյալ Նահանգներից, որպեսզի մենահամերգով հանդես գամ» (ֆոտոռեպորտաժ)

12:35   30 նոյեմբերի, 2013

Yans Music Hall-ում նոյեմբերի 29-ին կայացավ «Ռեինկարնացիա» խմբի մենահամերգը: Խմբի հիմնադիրն ու առաջատարը՝ Ռոլանդ Գասպարյանը, NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց, որ հատուկ է վերադարձել Միացյալ Նահանգներից՝ մենահամերգով հանդես գալու համար:

«Մի քանի ամիս է, ինչ Ամերիկայի Միացյալ Նահանգներում էի: Որոշել էի, որ երբ վերադառնամ Հայաստան, համերգ պետք է տամ: Երբ մենահամերգով ես հանդես գալիս, պետք է ամեն ինչ անես, որ որակյալ լինի: Իսկ Հայաստանում քիչ ակումբներ կան, որ այդ հնարավորությունը տալիս են արտիստներին: Yans Music Hall-ում այդ հնարավորությունները կան»,- ասաց Ռոլանդը:

Մենահամերգը ինչ-որ խորագիր չէր կրում: Ինչպես երգիչը նշեց, «Մենք այդպիսի զիզի- բիզի բաներ չենք սիրում: Համերգի խորագիրը վերջում է պարզ լինում»:

Համերգին հնչեցին խմբի ինչպես հիթ դարձած հին երգերը՝ «Էլի լավա», «Մի գդալ սեր», «Աշխարհումս իմն դուն իս» եւ այլն, այնպես էլ նոր երգեր, որոնք նոր ալբոմում են ներառված լինելու: Իսկ ալբոմը, երգչի խոսքով, մյուս տարի կթողարկվի:

Մենահամերգի բացումը Ռոլանդը «Մի գդալ սեր»-ով արեց եւ ողջունեց բոլորին՝ շնորհակալություն հայտնելով  այսօր իր կողքին լինելու համար:

Իսկ «Էլի լավա» երգի ժամանակ դահլիճում միանգամից ակտիվություն նկատվեց. ակնհայտ է, որ այդ երգը հանդիսատեսի կողմից ամենասիրվածն էր: Իսկ այ նույնը չենք ասի Ռոլանդի մասին:

«Հիթ դարձած իմ երգերից մի քանիսը ես չեմ սիրում: Եվ զարմանում եմ, թե ինչու են մարդիկ այդքան շատ սիրում հենց այդ երգերը: Օրինակ՝ «Էլի լավա» երգը: Շատ եմ սիրում

«Աշխարհումս իմն դուն իս» երգը: Այն պարզապես չեմ կարող չսիրել, քանի որ այդ երգն ինձ համար մի կարեւոր լեգենդի գործ է, որին մենք նոր շունչ ենք տվել»,- ասաց Ռոլանդը:


Համերգի գլխավոր հյուրը երգչի համար իր սիրելին՝  Գայանե Հովհաննիսյանն էր։ Վերջինս  մեզ հետ զրույցում նշեց, որ ուրախ եւ երջանիկ է, որ Ռոլանդն իր կողքին է:

Նշենք, որ մյուս տարի բացի ալբոմ թողարկելուց «Ռեինկարնացիա» խումբը պատրաստվում է ներկայանալ մենահամերգային մեծ ծրագրով։ Միաժամանակ, հանրության դատին կներկայացվեն նոր տեսահոլավակներ:

Մելինե Տոնոյան

Լուսանկարներ՝Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE