Անջելինա Ջոլին աջակցել է իրանցի կանանց

22:29   29 սեպտեմբերի, 2022

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին աջակցություն է հայտնել իրանցի կանանց, որոնք ցույցեր են սկսել 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո:

«Հարգանք Իրանի խիզախ, հանդուգն եւ քաջ կանանց նկատմամբ. բոլոր նրանք, ովքեր տասնամյակներ շարունակ գոյատեւել եւ դիմադրել են, այսօր դուրս են գալիս փողոց։ Կանանց պետք չէ, որ իրենց բարոյականությունը վերահսկվի, միտքը վերակրթվի եւ վերահսկվի իրենց մարմինը: Նրանք ազատության կարիք ունեն՝ ապրելու եւ շնչելու առանց բռնության եւ սպառնալիքների»,- գրել է Ջոլին։

Նշենք, որ սեպտեմբերի 16-ին Իրանում մահացել է 22-ամյա Մահսա Ամինին։ Աղջիկը Թեհրան էր եկել հարազատներին տեսակցելու։ Քաղաքում նրան բերման էր ենթարկել ոստիկանության հատուկ ջոկատը, որը վերահսկում է շարիաթի նորմերի պահպանումը։ Ավելի ուշ աղջիկը հայտնվել էր հիվանդանոցում եւ մահացել: Իր հերթին, Թեհրանի ոստիկանապետ Սարդար Հուսեյն Ռահիմին աղջկա մահը դժբախտ պատահար է անվանել։

Դրանից հետո իրանցիները սկսել են զանգվածաբար կտրել իրենց վարսերը եւ այրել գլխաշորերը. ողջ երկրում բողոքի ակցիաներ են:



© NEWS.am STYLE