Իսպանիայում սկսվել են «Թղթե տուն» սերիալի՝ Բեռլինի արկածների մասին պատմող սփին-օֆֆի նկարահանումները

16:36   30 սեպտեմբերի, 2022

Netflix-ը բացահայտել է առաջիկա «Բեռլին» սերիալի գլխավոր հերոսներին։ Դա կլինի «Թղթե տան» սփին-օֆֆը, որը պատմում է Բեռլինի արկածների մասին՝ մինչ իսպանական թագավորական դրամահատարանի կողոպուտը օրիգինալ շոուում: Այս մասին հայտնում է El Pais-ը։

Նախագիծը, որը կոչվում է «Բեռլին», կկենտրոնանա Պեդրո Ալոնսոյի մարմնավորած կերպարի կյանքի վրա՝ երկրում ամենամեծ կողոպուտն իրականացրած հանցախմբին միանալուց շատ առաջ։ Netflix-ի նոր շոուում կներկայացվեն նաեւ դերասաններ Միշել Ջեները, Տրիստան Ուլոան, Բեգոնյա Վարգասը, Ջոել Սանչեսը եւ Խուլիո Պենյան։

Սերիալը, որի ռեժիսորներն են Ալբերտ Պինտոն, Դեւիդ Բարոկալը եւ Ջեֆրի Քաուպերը, կունենա ութ դրվագ։ Ըստ հեղինակների՝ «Թղթե տան» սփին-օֆֆը նույնպես կկենտրոնանա կողոպուտների վրա, սակայն այն կունենա ավելի շատ «կատակերգական եւ ռոմանտիկ տեսարաններ» ու «սեփական ինքնությունը»:

«Բեռլինի» նկարահանումները տեղի կունենան երկու երկրներում՝ Իսպանիայում եւ Ֆրանսիայում։ Նախագծի պրեմիերայի ամսաթիվը դեռեւս հայտնի չէ:



© NEWS.am STYLE