Ուկրաինայի քաղաքացիներ Աննա Սեդոկովան եւ Անի Լորակը ներառվել են պատժամիջոցների ցուցակում

15:13   6 հոկտեմբերի, 2022

Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը (ԱԱԽ) պատժամիջոցների ցուցակում ներառել է երգչուհիներ Աննա Սեդոկովային, Տաիսյա Պովալիին եւ Անի Լորակին, ինչպես նաեւ հեռուստահաղորդավարուհի Ռեգինա Տոդորենկոյին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով «Экономическая правда»-յի հրապարակմանը։

Նշված բոլոր հայտնիները Ուկրաինայի քաղաքացիներ են։ Հաղորդվում է, որ ցուցակը գերատեսչության կողմից հաստատվել է սեպտեմբերի 30-ին։ Պաշտոնապես նրանց երկրի պատժամիջոցների տակ դնելու պատճառները չեն նշվում։

Հոկտեմբերի 1-ին հաղորդվել էր, որ Ուկրաինայի կառավարությունը պատժամիջոցների նոր փաթեթ է ներկայացրել 3600 ռուս ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ։

Սեպտեմբերին Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն հայտարարել էր, որ Ռուսաստանին աջակցող իրենց երկրի ժողովրդական արտիստները շուտով կզրկվեն կոչումից։



© NEWS.am STYLE