Հոլիվուդյան ճանաչված դերասանն ավտովթարի հետեւանքով վախճանվել է

12:01   1 դեկտեմբերի, 2013

40 տարեկանում վախճանվել է հոլիվուդյան ճանաչված դերասան Փոլ Ուոքերը:

«Fast and Furious» ֆիլմում Բրայան Օ՛Քոներին մարմնավորած դերասանը Porsche ավտոմեքենանով մահացել է ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետեւանքով, որ տեղի է ունեցել շաբաթ, Լոս Անջելեսից հյուսիս: Այս մասին տեղեկացնում է IGN-ը:

Ուոքերի մեքենայում եւս մեկ մարդ է եղել: Վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը եւ բախվել սյանը, ինչի հետեւանք մեքենան հրդեհվել է: Պատահարի ժամանակ Ուոքերը ղեկին չի եղել: Վարորդի անունը հայտնի չէ, վթարի հետեւանքով նա նույնպես վախճանվել է: Վթարի պատճառը դեռեւս հայտնի չէ:

Լոս Անջելեսում Ուոքերը մասնակցում էր բարեգործական ավտոշոուի: Porsche GT ավտոմեքենան, որում վթարի պահին գտնվել է դերասանը, պատկանում էր նրա ընկերոջը:

Փոլ Ուոքերը կինոյում սկսել է նկարահանվել 1990-ական թվականներին՝ միաժամանակ զբաղվելով մոդելային կարիերայով: Կինոյում նրա առավել հայտնի աշխատանքը «Fast and Furious» ժապավենում Բրայան Օ՛Քոների դերն է: Ուոքերը նկարահանվել է ֆիլմի հինգ մասերում: Ներկայում նկարահանվում էր ֆիլմի հերթական մասում, որը պետք է մեծ էկրան բարձրանա 2014 թվականին: 2013թ. փետրվարին հայտնի դարձավ, որ Փոլ Ուոքերը Hitman վիդեոխաղի մոտիվներով նկարահանվող ֆիլմում հանդես է գալիս գլխավոր դերում:



© NEWS.am STYLE