Սկսվել է Քեւին Սփեյսիի դեմ սեռական ոտնձգությունների գործով դատավարությունը

12:09   7 հոկտեմբերի, 2022

Նյու Յորքում սկսվել է ամերիկացի դերասան Քեւին Սփեյսիի՝ սեռական ոտնձգությունների գործով դատավարությունը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Սպասվում է, որ արտիստ Էնթոնի Ռեփի հայցի դատավարությունը կտեւի առնվազն երկու շաբաթ։ Ըստ հայցվորի՝ նա Սփեյսիի հետ ծանոթացել է 1986 թվականին, երբ ինքը 14 տարեկան էր, իսկ աստղը՝ 26: Դերասանը նրան հրավիրել է երեկույթի Մանհեթենի իր բնակարանում, իսկ հետո փորձել գայթակղել նրան: Ռեփը հայտարարել է, որ իրեն հաջողվել է փախչել ու երկար տարիներ լռել է կատարվածի մասին։

Ռեփն առաջին անգամ այս պատմությունը պատմել է 2017 թվականին։ Սփեյսին պատասխանել է, որ չի հիշում նրանց հանդիպումը, իսկ նրա փաստաբանական թիմը մեղադրել է ենթադրյալ զոհին կեղծ մեղադրանքների մեջ։ Ռեփը փոխհատուցում է պահանջում հոգեկան եւ էմոցիոնալ տառապանքների, բժշկական ծախսերի ու աշխատանքի կորստի համար:

2017 թվականի վերջին Սփեյսիի շուրջ սեքս-սկանդալ բռնկվեց։ Նրան ոտնձգությունների մեջ մեղադրել է առնվազն 15 մարդ։ 2019 թվականի հունիսին Մասաչուսեթսի դատախազները հանեցին Սփեյսիի դեմ սեռական ոտնձգության մեղադրանքները։



© NEWS.am STYLE