Քրիստիան Բեյլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ «Ամստերդամ» ֆիլմը տապալվել է կինովարձույթում

22:29   10 հոկտեմբերի, 2022

Քրիստիան Բեյլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ «Ամստերդամ» կատակերգական դետեկտիվը ձախողվել է կինովարձույթում եւ ԱՄՆ-ում հավաքել ընդամենը 6,5 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է Variety-ն։

Նշվում է, որ ռեժիսոր Դեւիդ Օ. Ռասելի նկարահանած ֆիլմի արտադրությունն արժեցել է 80 մլն դոլար։ Ժապավենը տարվա ամենատապալված նախագծերից մեկը դառնալու վտանգի տակ է։ Կարծիքների ագրեգատոր Rotten Tomatoes-ում այն ​​ստացել է միայն 33 տոկոս դրական ակնարկներ, թեեւ թրեյլերի թողարկումից հետո շատ քննադատներ կարծում էին, որ «Ամստերդամը» կարող է ոչ միայն դառնալ կոմերցիոն հաջող դետեկտիվ պատմություն, այլեւ մասնակցել «Օսկար»-ի համար պայքարին:

Ամստերդամը ֆիլմ է, որի գործողությունները տեղի են ունենում 1930-ական թվականներին։ Ֆիլմը պատմում է վկա դարձած ընկերների ու սպանության գլխավոր կասկածյալների մասին։ Ռոբիից ու Բեյլից բացի ժապավենում նկարահանվել են Ջոն Դեւիդ Վաշինգտոնը, Անյա Թեյլոր-Ջոյը, Ռոբերտ Դե Նիրոն եւ այլք։ Պրեմիերան կայացել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին։



© NEWS.am STYLE