Նորաձեւ սանրվածքներ Ամանորի նախաշեմին

19:23   2 դեկտեմբերի, 2013

Ցանկացած աղջիկ տանից դուրս գալուց առաջ բավական ժամանակ է ծախսում իրեն կարգի բերելու համար: Հարկավոր է համապատասխան հագուստ եւ աքսեսուարներ ընտրել, շպարվել: Բայց մազերը մեր կերպարի եւս մեկ անբաժան մասն են: Խնամված վարսերը ոչ պակաս կարեւոր են, քան հագուստն ու աքսեսուարները: Իսկական կնոջ մազերը պարզապես պարտավոր են միշտ խնամված եւ առողջ տեսք ունենալ: Կարեւոր է, որ սանրվածքը հարմար լինի ձեզ եւ, իհարկե, համապատասխանի նորաձեւության միտումներին: Առաջարկում ենք ծանոթանալ այս սեզոնի հիմնական hair-միտումներին եւ մի քանիսը փորձել:


«Երեկույթին հաջորդող առավոտ»

Այս պարզ սանրվածքն այժմ ամենատարածվածն է: Այն այնպիսի տեսք ունի, կարծես բուռն գիշեր եք անցկացրել, իսկ առավոտյան մոռացել եք սանրվել: Սակայն իրականում այն ստանալու համար որոշակի ջանք, ամեն դեպքում, պահանջվում է:

Հարկավոր է ընդամենը սփրեյի օգնությամբ փոքր-ինչ ծավալ հաղորդել մազափնջերին եւ մատներով թափթփված տեսք տալ դրանց: Արդյունքը ստացվում է նորաոճ եւ անփույթ, ինչպես եւ պահանջում է ժամանակակից նորաձեւությունը:

Նրբագեղ խոպոպներ

Թեթեւ ալիքները գեղեցիկ ու կանացի տեսք ունեն, դրանք նրբորեն ընդգծում են դիմագծերը:

Դրա համար ձեզ ընդամենը վարսերը գանգրացնող սարք է հարկավոր, ինչպես նաեւ սանրվածքը ֆիքսելու որեւէ միջոց:

Մի քիչ խենթություն

Ոճաբաններն առաջարկում են փորձեր կատարել վարսերի հետ՝ վերածվելով ռոք կամ փանկ-աստղի: Դրա համար հարմար են խենթ ծավալը, տարբեր սանրվածքերը, անհավանական խոպոպները:

Այդ կերպ հնարավորություն կունենաք ոչ միայն շրջապատին ցույց տալ ձեր փոքր-ինչ հանդուգն բնավորությունը, այլեւ ժամանակակից կերպար ստեղծել վառ երեկույթի կամ թեմատիկ որեւէ միջոցառման համար:

Խիստ սանրվածքներ

Նախորդ տարբերակը հարմար է որոշակի դեպքերի համար, իսկ խիստ սանրվածքները տեղին են միշտ եւ ամենուր:

Օրինակ՝ խիստ պոչը, փնջաձեւ սանրվածքը եւ կատարյալ հարթ մազափնջերը, ինչը հնարավորություն է տալիս արագորեն ճիշտ տրամադրություն ստեղծել գործնական հավաքի կամ գործընկերների հետ ճաշի համար: Բացի այդ, ո՞վ է ասել, որ այդ տեսքով չի կարելի նաեւ ժամադրության գնալ: Պարզապես վառ դիմահարդարում ավելացրեք:

Գրաֆիկական ճակատի մազափնջեր

Եթե ձեզ դուր է գալիս ճակատի մազափունջը, ապա այս սեզոնին հնարավորություն կունենաք հետաքրքիր կերպարով հանդես գալ: Նորաոճ են համարվում ինչպես դասական ուղիղ եւ անհավասար ճակատի մազափնջերը, այնպես էլ գրաֆիկական ձեւերը:

Դրանք կարող են արտասովոր ձեւ ու գույն ունենալ: Ճակատի մազափունջը նույնիսկ ամենասովորական սանրվածքը կարող է իսկական դիզայներական գլուխգործոցի վերածել:

Բաժանում

Եթե ճակատի մազափունջ չեք սիրում, բայց ուզում եք ինչ-որ բան փոխել ձեր արտաքինում, պարզապես փոխեք վարսերի բաժանման ձեւը:

Տարածված են ուղիղ տարբերակները, որոնք բոլորին են սազում, ինչպես նաեւ կողքից արված վարսերի բաժանումները: Գտեք այն տարբերակը, որը ձեզ սազում է:

Բաց ճակատ

Եվս մեկ նորաոճ տարբերակ է ամբողջությամբ բաց ճակատը: Այն հնարավորություն է տալիս շահեկանորեն ընդգծել դիմագծերը:

Կարելի է մազերը դեպի հետ սանրել՝ փոքր-ինչ ծավալ հաղորդելով: Այդ կերպ կարելի է կերպարին մի փոքր հանդգնություն հաղորդել: Կամ, հակառակը, վարսերն ուղիղ դեպի հետ սանրել ու հավաքել՝ սանրվածքը զարդարելով որեւէ գեղեցիկ աքսեսուարով: Այդ հրաշալի կդիտվի նույնիսկ ամենագործնական կերպարի պարագայում:

Կարճ սանրվածքներ

Եթե ձեզ դուր են գալիս կարճ վարսերը, ապա կարող եք այս սեզոնին հրաշալի տարբերակներ ընտրել:

Գրաֆիկական կարե, արդիական բոբ, անհավասար տարբերակներ, «պաժ» կտրվածք, զվարճալի տղայական կերպարներ եւ այլն: Կարճ վարսերը հեշտությամբ կարելի է նաեւ տարբեր կերպ հարդարել:

Ավելի շատ գույն

Ցանկանում եք ձեր կյանքում պայծառությո՞ւն մտցնել: Ոչ ստանդարտ ձեւով ներկեք մազերը: Այս սեզոնին մոդելները բեմերում ներկայացան ամենաանհավանական գույներով, անգամ՝ նոենային դեղին եւ վարդագույն:

Այս տարբերակների օգնությանը կարելի է դիմել մի քանի օրով միայն, երանգավորող բալզամների կամ մազերի համար գունավոր սեւաներկի միջոցով: Այս դեպքում վստահաբար աննկատ չեք մնա: Իսկ եթե դեռեւս պատրաստ չեք նման լուծումների, կարող եք պարզապես մի քանի մազափունջ կարմիր, որեւէ բաց գույն կամ սեւ ներկել:

Աղբյուրը՝ woman.ru



© NEWS.am STYLE