Երեւանում մեկնարկել են «Ռուսական կինոյի օրեր»-ը՝ «Russian Film Festival» ապրանքանիշի ներքո (ֆոտո)

16:41   22 հոկտեմբերի, 2022

Երեւանում մեկնարկել է «Ռուսական կինոյի օրեր» կինոդիտումների շարքը։ Հոկտեմբերի 21-ից  23-ը Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնը մայրաքաղաքի բնակիչներին եւ հյուրերին հրավիրում է դիտելու միջոցառման շրջանակում ներկայացվելիք ֆիլմերը։ Փառատոնային օրերին մեծ էկրանին անվճար կցուցադրվեն «Կրակ», «Նիկա»,  «Անծանոթի դիմանկարը» ֆիլմերը,  «Քնքշություն» բազմասերիանոց ֆիլմը եւ «Բուկա, իմ սիրելի հրեշը» լիամետրաժ մուլտֆիլմը: 

Միջոցառումը կազմակերպում է «ՌՈՍԿԻՆՈ»-ն՝ ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ։ «ՌՈՍԿԻՆՈ»-ի գլխավոր տնօրեն Իննա Շալիտոն նշում է. 

WhatsApp Image 2022-10-22 at 14.10.09.jpeg (88 KB)

«Ուրախ ենք «Russian Film Festival» ապրանքանիշի ներքո Հայաստանում երկրորդ միջոցառումը կազմակերպել: Այս տարի օգոստոսին «IVI» առցանց կինոհարթակում անցկացվեցին ռուսական ֆիլմերի առցանց ցուցադրություններ։ Օֆլայն միջոցառման շրջանակում «Ռուսական կինոյի օրեր»-ի ծրագրում ընդգրկված է հինգ ֆիլմ՝  գեղարվեստական, բազմասերիանոց եւ մանկական անիմացիոն: Հուսով եմ, որ յուրաքանչյուր դիտող իր համար հետաքրքիր բան կգտնի: Մենք նաեւ ձգտում ենք ակտիվացնել բիզնես երկխոսությունը Ռուսաստանի եւ Հայաստանի կինոարտադրության ոլորտների միջև մշակութային նման միջոցառումների կազմակերպման միջոցով: Հայկական կինոն 2022 թվականին տոնում է իր 100-ամյակը, այս ընթացքում ստեղծվել են բազմաթիվ հրաշալի ֆիլմեր, անիմացիոն ոլորտը վերելք է ապրում, եւ վստահ եմ, որ մենք կարող ենք գտնել փոխազդեցության բազմաթիվ կետեր»։

WhatsApp Image 2022-10-22 at 14.10.09 (1).jpeg (52 KB)

Ֆիլմերի ցուցադրություններից հետո կկազմակերպվի նաեւ քննարկում կինոգետ Դիանա Մարտիրոսյանի հետ։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում կինոդիտումների նման շարքի իրականացմանն ու «Ռուսական կինոյի օրերի» շրջանակում ընտրված ֆիլմերին, Դիանան նշեց․

«Կարծում եմ` ցանկացած փառատոն, ցանկացած ցուցադրությունների շարք ֆիլմասեր մարդու համար հնարավորություն է բացահայտել նոր արտադրանք, նոր ֆիլմեր` այն ամենը, ինչ այլ պայմաններում չես տեսնի: Փառատոնային ֆիլմերը հաճախ չեն մտնում վարձույթ, այսինքն՝ դրանք կամ պետք է դիտեք ինչ-որ փառատոնների շրջանակում, կամ, գուցե, փնտրեք համացանցում` ոչ օրինական տարբերակով, ինչին ես դեմ եմ, որովհետեւ կարծում եմ` եթե ֆիլմը ստեղծված է մեծ էկրանի համար, ցանկալի է այն դիտել հենց կինոթատրոնում: 

WhatsApp Image 2022-10-22 at 14.10.13.jpeg (38 KB)

Ֆիլմերի այս ցանկի մեջ կա, օրինակ, Վասիլիսա Կուզմինայի «Նիկա» ֆիլմը, որն իրական փաստերի վրա է հիմնված՝ բանաստեղծուհի Նիկա Տուրբինայի մասին է։ Շատ ուրախ եմ, որ այս փառատոնի շնորհիվ հնարավորություն ունեցա դիտելու այն: Կառանձնացնեմ նաեւ Աննա Մելիքյանի «Քնքշություն» մինի-սերիալը, որը նկարահանված է iPhone-ով: Կարծում եմ` կինոգործիչների, օպերատորների և այն մարդկանց համար, որոնք հաճախ բողոքում են, որ մենք տեխնիկապես հզոր չենք, ինչպես կինոարտադրության ոլորտում զարգացած այլ երկրներ, սա վառ օրինակ է` ինչպես կարելի է նկարել մրցունակ, դիտարժան մինի-սերիալ` անգամ iPhone-ով»:

WhatsApp Image 2022-10-22 at 14.10.12.jpeg (59 KB)

Դիանան կարեւորեց նաեւ ֆիլմերի բազմազանությունը, որոնք փառատոնը հետաքրքիր են դարձնում ցանկացած տարիքի ֆիլմասերների համար,-«Կազմակերպիչները ցանկացել են բազմազանություն ներկայացնել, ինչը, կարծում եմ, լավ հնարավորություն է ընդհանուր պատկեր կազմելու համար, թե ինչ է կատարվում վերջին տարիներին ռուսական կինոարտադրության ոլորտում»,-հավելեց նա։

Այս տարի «Russian Film Festival» ապրանքանիշի ներքո արդեն միջոցառումներ են անցկացվել բազմաթիվ երկրներում՝ Բրազիլիայում, Ուրուգվայում, Հորդանանում, Չինաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ուզբեկստանում եւ այլուր։ Նախագծի մեկնարկից՝ 2020 թվականից ի վեր, ավելի քան 6,5 միլիոն մարդ աշխարհի 26 երկրներում դարձել է ռուսական կինոփառատոնի հանդիսատես։

Հայաստանը «Ռուսական կինոյի օրեր» 2022 թվականի օրացույցում դարձավ 9-րդ երկիրը, ուր տեղի հանդիսատեսը հնարավորություն կունենա ռուսական նոր ֆիլմերին ծանոթանալու։ 

WhatsApp Image 2022-10-22 at 14.10.10 (1).jpeg (56 KB)

WhatsApp Image 2022-10-22 at 14.10.11.jpeg (59 KB)

WhatsApp Image 2022-10-22 at 14.10.10.jpeg (88 KB)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE