Տոնային կրեմը ձմռանն անհրաժեշտություն է յուրաքանչյուր կնոջ համար

21:13   3 դեկտեմբերի, 2013

Ձմեռն աստիճանաբար իր կանոններն է թելադրում: Գնալով եղանակն ավելի ցուրտ է դառնում: Իսկ որքան ցուրտ է եղանակը, այնքան մեր մաշկն ավելի շատ է ենթարկվում սառնամանիքի ազդեցությանը:

Այդ ժամանակ մաշկի խնամքի հարցը կանանց համար շատ արդիական է դառնում: Զրոյից ցածր ջերմաստիճանի դեպքում, տոնային կրեմը մաշկի համար լրացուցիչ պաշտպանություն է ապահովում:

Տոնային կրեմը կոսմետիկ միջոց է, որը թաքցնում է մաշկի թերություններն ու դիմահարդարման հիմք է հանդիսանում: Տոնային կրեմը ճիշտ քսելու արդյունքում դեմքը կոկիկ տեսք է ունենում:

Միլիոնավոր կանայք այսօր օգտվում են տոնային կրեմի տարբեր տեսակներից: Մեկին դուր է գալիս հեղուկ, մյուսին՝ թանձր կրեմը, ոմանք էլ նախընտրում են մատիտե տարբերակը, ոմանք էլ՝ դիմափոշի: Տարբերակների բազմազանության մեջ երբեմն դժվար է լինում ընտրել անհրաժեշտը: Տոնային կրեմ ընտրելիս պետք է հաշվի առնել դրանում առկա յուղի ու խոնավության պարունակությունը, ներկանյութերի քանակությունը: Եվս մեկ կարեւոր հանգամանք, որը պետք է հաշվի առնել կրեմ գնելիս. օգտագործելուց հետո արձանագրվող արդյունքը:

Իրեն անհրաժեշտ կրեմ ընտրելիս կինը պարտավոր է հաշվի առնել իր մաշկի տեսակն ու գույնը: Յուղոտ կրեմը հարմար է չոր, իսկ յուղեր չպարունակող կրեմները նորմալ եւ յուղոտ մաշկի համար են: Հեղուկ կրեմը փայլ եւ չորություն չի հաղորդում, մաշկին դյուրությամբ է քսվում, ինչը չի կարելի ասել թանձր կրեմի մասին:

Խոնավեցնող արդյունքի համար ընդունված է մատիտե կրեմը: Հավասարեցնելով մաշկի մակերեւույթն ու գույնը՝ այն, սակայն, չի ծածկում կնճիռները եւ մաշկին բնական տեսք է հաղորդում: Սովորաբար կրեմի այս տեսակն օգտագործում են այն կանայք, ովքեր մաշկի լուրջ թերություններ ունեն:

Քողարկման արդյունք է ապահովում կրեմ-դիմափոշին: Այն կանանց, ովքեր մաշկի վրա խոր փոսիկներ ունեն, տոնային կրեմի այս տեսակը հակացուցված է:

Տոնային փրփուրը եւս ընդունված է տոնային կրեմի տեսակ համարել: Այն հարմար է մաշկի բոլոր տեսակներին, որում քիչ են գունանյութերը:

Տոնային կրեմի երանգը պետք է համապատասխանի կնոջ մաշկի գույնին: Դիմահարդարները սովորաբար տոնային կրեմի մի քանի երանգ խառնում են՝ հնարավորինս ճիշտ գույն ստանալու համար:

Յուրաքանչյուր կին տոնային կրեմ ընտրելիս պարտավոր է հաշվի առնել իր տարիքը: Մաշկի տարիքից է կախված գունանյութերի քանակը: Որքան կինը մեծ է, այնքան դրանք քիչ պետք է լինեն:

Կրեմ ընտրելու չափանիշներից մեկն էլ այսօր ընդունված է համարել դրա գինը: Այդ պատճառով, սիրելի կանայք, դիմահարդարման համար տոնային կրեմ ընտրելիս մի խնայեք:

Նյութը՝ Eurosmi



© NEWS.am STYLE