«Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգ հանուն պատերազմի մասնակիցների կրթության

17:23   26 հոկտեմբերի, 2022

Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ նոյեմբերի  16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Սիմֆոնիկ Մանսուրյան» բարեգործական համերգը, որի ողջ հասույթն ուղղվելու է «4090 Բարեգործական» հիմնադրամին։

Համերգի ընթացքում հնչելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի հեղինակած երաժշտությունը՝  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ եւ «Հայֆիլմ»-ից կինոդրվագների ուղեկցությամբ։

««Սիմֆոնիկ Մանսուրյան» բարեգործական համերգը այս տարվա մեր ամփոփիչ եւ ամենասպասված միջոցառումն է, որը եւս մեկ հնարավորություն է քաջալերելու պատերազմի մասնակից մեր հայրենակիցներին եւ լավ առիթ ոչ միայն հանրության անմիջական մասնակցությամբ ապահովել մեր շահառուների 2022-2023թթ․-ի ուստարվա կրթավճարի մի մասը, այլ նաեւ ըմբոշխնել մաեստրոյի անզուգական երաժշտությունը մեր լավ գործընկեր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Եվ մենք ուրախ ենք, որ Հայաստանում կան սոցիալապես պատասխանատու ընկերություններ, որոնց համար կրթությունը կարևոր է, իսկ պատերազմի մասնակցի սխրանքն՝ անգին», - ասել է «4090 Բարեգործական» հիմնադրամի Գործադիր տնօրեն Իրինա Փահլեւանյանը։



© NEWS.am STYLE