«Աշխատանքները շատ երկար տեւեցին. անընդհատ մի բան խանգարում էր». OnPlay խումբը ներկայացրել է առաջին տեսահոլովակը

12:31   27 հոկտեմբերի, 2022

Հայկական OnPlay խումբն օրերս ներկայացրեց իր առաջին տեսահոլովակը, որը նկարահանվել է Ola երգի հիման վրա: Նիկ Էգիբյանի ու Գրիգոր Կյոկչյանի հեղինակած ռիթմիկ երգը խմբի անդամները` Տյոմ Հակոբյանը, Էմմա Հովհաննիսյանը, Արեւո Գրիգորյանն ու Ջուլիետա Գրիգորյանը, ներկայացրին մեծ շնորհանդեսով, որին ներկա էին նաեւ շոու-բիզնեսից հայտնի նրանց գործընկերները: Երգիչ Տյոմ Հակոբյանը NEWS.am STYLE-ին պատմել է իրենց առաջին մեծ աշխատանքի մասին:

«Սա մեր առաջին տեսահոլովակն է` շատ երկար սպասված, որովհետեւ վաղուց էինք ցանկանում այն նկարահանել, բայց անընդհատ չէր ստացվում, իսկ այժմ իսկական ժամանակն էր: Երգը գրվել, գործիքավորվել եւ ձայնագրվել է մեր լավ հնկերոջ` Նիկ Էգիբյանի կողմից, խոսքերի հեղինակ` Գրիգոր Կյոկչյան: Երբ սկզբում Նիկը ցույց տվեց երգը, բոլորս միանգամից հավանեցինք այն ու սկսեցինք աշխատել դրա շուրջ: Այդ աշխատանքները շատ երկար տեւեցին, որովհետեւ անընդհատ մի բան խանգարում էր, բայց վերջում ստացանք այն, ինչ ուզում էինք: Տեսահոլովակը դեռ ավելի վաղ պետք է ներկայացնեինք հանրությանը, բայց երկրում տիրող իրավիճակից ելնելով` հիմա կարողացանք դա անել»:

Խմբի անդամները միասին սկսել են երգել 6 տարի առաջ, սակայն OnPlay անվան ներքո հանդես են գալիս 2020 թ-ից: Տյոմը նշում է, որ միասին դեռ շատ ծրագրեր ունեն իրականացնելու, որոնք «կամաց-կամաց իրագործելու են»:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от OnPlay (@onplayofficial)

«Այս պահին այս նոր տեսահոլովակի աշխատանքներով ենք զբաղված, որովհետեւ առաջինն է ու պատասխանատվությունն ու աշխատանքը 4-իս դեպքում քառապատկվում են: Պետք է ամեն բան լինի այնպես, որ բոլորն, ուղղակի, դիտելիս տեսահոլովակը ուրախ Էմոցիաներ ապրեն, երգի ու տեսահոլովակի հաղորդագրությունը հենց պոզիտիվն է»,-ասաց Տյոմը` հավելելով, որ այլ փակագծեր բացել չի կարող, բայց` «Շատ թույն նորություններ են սպասվում: Ծրագրերը կապված են մեր ելութների, համերգների հետ: Հավատացնում ենք` շատ չեք սպասելու»:

Ինչ վերաբերում է մրցույթներին` խումբը դեռեւս չի շտապում նմանատիպ հարթակներում հանդես գալ,-«Դեռ միայն համերգային տարբերակներով ենք ելույթ ունենում, մրցույթներին մասնակցելը մեր առաջիկա պլաններում չի մտնում, փոփոխության դեպքում անպայման մեր լսարանը կիմանա այդ մասին»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE