«Պրեմիերայի էի գնացել». DC-ի նոր սկիզբ. « Սեւ Ադամ» (առանց սփոյլերի)

12:02   30 հոկտեմբերի, 2022

Գրեթե 5000 տարի առաջ Սև Ադամին շնորհվեցին եգիպտական աստվածների ամենակարող զորությունները, որից հետո նրան բանտարկեցին։ Ազատվելուց հետո Սև Ադամը պատրաստ է  արդարություն հաստատել  ժամանակակից աշխարհի վրա։

Պարզվեց, որ  «Սև Ադամը» բավականին լավ ադապտացիա է DC տիեզերքի նոր հերոսի մասին․ ֆիլմում կա կերպար, որին  դիտելը հետաքրքիր է, եթե անգամ  նրա պատմությունը տեղ-տեղ լի է կլիշեներով։ Այնուհանդերձ, դիտելիս դա չի նյարդայնացնում, և սա միանշանակ առավելություն  է:

  Ֆիլմը ստացվեց դինամիկ, վառ, հումորով... Բոլոր կռիվները, փոխհրաձգությունները, թռիչքները զիլ են  ստացվել։ Այստեղ մուլտիպլիկացիա չկա, սաունդթրեքը հաջողությամբ լրացնում է էքշնը, որն իր հերթին չափավոր բրուտալ է։

313336091_687194602749253_3019205846644189188_n.jpg (79 KB)

 Կչափազանցնենք, եթե  ասենք, որ այս ֆիլմն  ինչ-որ բանով զարմացրեց, բայց, ընդհանուր առմամբ, ֆիլմը բավականին լավն է․  հանդիսատեսը կինոթատրոնից հիասթափված դուրս չի գա։

Ի՞նչն է հետաքրքիր այս հերոսի մեջ։

Նա հակահերոս է։

Այո՛,  սցենարիստները կարողացել են Սև Ադամին ներկայացնել հենց որպես հակահերոս, թեև երբեմն դրաման բավական չէր։

313200269_1185889325670093_3909518605492829586_n.jpg (62 KB)

 «Ֆորսաժ»-ի ֆրանշիզայում  Դուեյնի մարմնավորած  գրեթե անմահ կերպարը չափից դուրս անհավանական էր թվում։ Ի վերջո, «Սև Ադամ» ֆիլմում նրան տրվեց սուպերհերոսի դեր, և ամեն բան հայտնվեց իր տեղում։

 Ջոնսոնը երկար տարիներ աշխատել է կերպարի շուրջ, և պարզ է, որ նրան հաջողվել է մարմնավորել հենց այն կերպարը, որին ձգտում էր։ «Ժայռը» այս կերպարում դաժան ու զիլ է, և ամենակարևորն այն է,  որ նա հանդիսատեսի ուշադրությունը հրավիրում է իր և իր պատմության վրա։

Փիրս Բրոսնանը հոյակապ մարմնավորեց Քենթ Նելսոն-Դոկտոր Ֆեյթին։Նա շատ  գունեղ կերպար է: Հերոսը դարձել է նրբագեղության, նրբանկատության օրինակ, և նրան զարմացնելու քիչ բան կա։

Բա ու՞ր են թերությունները։

Ֆիլմը լի է սցենարային թերություններով,որոնցից ամենաակնհայտը սյուժետային մեծ անցքերն են  ֆիլմի սկզբում, մեջտեղում և վերջում։

Թերություններից մեկն էլ  զզվելի չարագործն է:

313081112_845220646821645_2843133154569020484_n.jpg (64 KB)

Ընդհանուր առմամբ, ֆիլմը լավ է ստացվել։ Այո՛, սցենարը, ինչպես միշտ, շատ բացթողումներ ունի, բայց Դուեյն Ջոնսոնի բրուտալ կերպարը, Փիրս Բրոսնանի խարիզման և նրբագեղությունը, էքշն գործողությունները և գեղեցիկ էֆեկտները թույլ չեն տալիս ֆիլմին որոշակի մակարդակից իջնել:

 

 

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան

 



© NEWS.am STYLE