Ինչպե՞ս սովորել բարձրակրունկ կոշիկ հագնել: «Անվտանգության կանոններ» բարձրակրունկների սիրահարների համար

18:19   4 դեկտեմբերի, 2013

Որքան հաճախ ենք հանդիպում աղջիկների, ովքեր բարձրակրունկ կոշիկներով ջայլամի տեսք ունեն: Չեն կարողանում քայլել, բայց եւ դրանք չեն հանում ոտքերից: Նման աղջիկները կարող են օրինակ վերցնել եվրոպացի կանանցից: Եվրոպայում նոր միտում կա. կանայք կոլագենի ներարկում են անում ոտնաթաթերի հիմքի մոտ գտնվող «բարձիկներում»: Այդ գործողությունը հնարավորություն է տալիս բարձրակրունկ կոշիկ հագնել՝ գրեթե ոչ մի անհարմարություն չզգալով: Իսկ եթե տարիներ շարունակ բարձրակրունկ հագնելու հետեւանքով ոտքերը սկսել են ցավել, բժիշկները կարող են ոտնաթաթերի հատվածում բոտոքս առաջարկել: Իհարկե, սրանք ծայրահեղ միջոցներ են. առողջությունն այն զոհաբերությունը չէ, որը պետք է անել հանուն նորաձեւության եւ տղամարդկանց աչքերում ավելի գրավիչ դառնալու համար: Ավելի լավ է հետեւել մի քանի խորհրդի


Անվտանգ բարձրության վրա

Ամենահարմարը համարվում է 3-4 սմ-ից ոչ բարձր կրունկը: Այսպիսի բարձրությունը պահպանում է ոտնաթաթերի բնական դիրքը: Եթե սիրում եք բարձրակրունկ կոշիկ հագնել, հետեւեք ձեր օրգանիզմի պահանջներին: Ոտքերի ուռածությունը, ձգված մկանները, թմրած մատները, չլավացող կոշտուկները խոսում են այն մասին, որ ժամանակն է դիզայներական բարձրակրունկ կոշիկները փոխարինել ավելի համար մոդելներով: Թեկուզ ժամանակավորապես, որպեսզի ոտքերը պարբերաբար հանգստանալու հնարավորություն ունենան: Բարեբախտաբար, նորաձեւության տներն առաջարկում են նաեւ հարթ կամ ոչ շատ բարձր ներբանով հարմար եւ պրակտիկ կոշիկներ: Նույնիսկ 3-4 սմ կրունկով կոշիկներով ավելի բարձրահասակ կլինեք, իսկ ոտքերը սլացիկ տեսք կունենան:

Ինչո՞վ են վտանգավոր բարձրակրունկ կոշիկները

Բժիշկները կարծում են, որ ոտնաթաթն ու ողնաշարն ամբողջությամբ ձեւավորվում են 23 տարեկանում: Մինչ այդ տարիքն օրթոպեդները խորհուրդ են տալիս խուսափել բարձրակրունկ կոշիկ հագնել: Բայց դրանից հետո նույնպես պետք է ուշադիր լինել: Անընդհատ բարձրակրունկ եւ նեղ կոշիկ հագնելու հետեւանքով ոտքերի մատները ձեւափոխվում են, ուժեղանում է ոտնաթաթի առջեւի հատվածի ծանրաբեռնվածությունը, ինչը նույնպես ժամանակի ընթացքում բերում է ոտնաթաթի ձեւափոխման: Բարձրակրունկ կոշիկների սիրահարների մոտ հաճախ, այսպես կոչված, հինգերորդ ոսկոր է աճում (Plantar Fasciitis): Երկար ժամանակ նման կոշիկ հագնելու հետեւանքով ձեւափոխվում է նաեւ աքիլլեսյան ջիլը, ինչի արդյունքում հետագայում հարթ ներբանով կոշիկ հագնելն անհնար է դառնում: Այդ դեպքում իրավիճակը հնարավոր է փրկել միայն վիրահատության միջոցով:

Բացի այդ, որքան բարձր է կոշիկի կրունկը, այնքան մեծ է ողնաշարի ծանրաբեռնվածությունը: Երկար ժամանակ բարձր կրունկով կոշիկ (8 սանտիմետրից սկսած) հագնելու հետեւանքով միջողնաշարային ճողվածք, գոտկատեղի ցավեր, հոդերի խնդիրներ են առաջանում: Բարձրակրունկը վնասակար է նաեւ սկոլիոզ ունեցողների համար: Եվ, իհարկե, եթե բարձրակրունկ հագնելուց հետո ոտքերն ուժեղ ցավում են, ուրեմն պետք է ավելի ուշադիր լինել առողջության նկատմամբ:

Ինչպե՞ս բարձրակրունկ կոշիկ հագնել

Բարձրակրունկ կոշիկ խորհուրդ է տրվում հագնել օրական 3-4 ժամից ոչ ավելի: Այդ պատճառով աշխատավայրում կարելի է ավելի հարմար «փոխարինող» ունենալ:

Ոտքերին հաճախ հանգստանալու հնարավորություն տվեք: Ցանկացած հնարավորության դեպքում հանեք կոշիկները եւ ոտքերի համար պարզ վարժություններ կատարեք, որոնք կլավացնեն արյան շրջանառությունը եւ կհանեն ոտքերի հոգնածությունը:

Կոշիկի համար նախատեսված օրթոպեդիկ ներդիրները դիզայներական կոշիկն ավելի հարմարավետ կդարձնեն: Կարելի է նաեւ սիլիկոնե հատուկ բարձիկներ գործածել, որոնք նվազեցնում են ոտնաթաթի ծանրաբեռնվածությունը եւ կանխարգելում կոշտուկների առաջացումը:

Ինչպե՞ս սովորել քայլել բարձրակրունկ կոշիկներով: Եվ «անվտանգության ի՞նչ կանոնների» պետք է հետեւեն բարձրակրունկների սիրահարները:

Բարձրակրունկ կոշիկով պարեր

Բարձրակրունկ կոշիկներով արագ պարերը կարող են վտանգավոր լինել: Այդ պատճառով նման կոշիկները դիսկոտեկի համար տեղին չեն: Ամենեւին էլ լավ գաղափար չէ դրանք մի կողմ դնել եւ բոբիկ դուրս գալ պարահրապարակ: Լավագույն դեպքում ինչ-որ մեկը կկանգնի ձեր ոտքին, վատագույն դեպքում՝ ինքներդ ապակու կտորի վրա կկանգնեք: Ակումբ կամ համերգի գնալու համար հարմար է հարթ ներբանով կոշիկը:

Աղբյուրը՝ domashniy.ru



© NEWS.am STYLE