«Առաջարկվել է նաեւ տեսաուղերձ ուղարկել, ինչը եւս մերժվել է»․ Առաջին ալիքի պատասխանը՝ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին Ռուսաստանի ներկայացուցիչների հրավերի վերաբերյալ

17:55   1 նոյեմբերի, 2022

«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի ստեղծագործական թիմը նախապես կապ է հաստատել մրցույթի բոլոր հաղթողների կամ հանրային հեռարձակողների հետ առանց բացառության, այդ թվում՝ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Ռուսաստանի պրոդյուսերական թիմի հետ: Այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Հանրային հեռուստաընկերության հաղորդակցության ղեկավար Աննա Օհանյանը՝ անդրադառնալով ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում պրոդյուսեր Սերգեյ Մասլովի հայտարարությանը։ Վերջինը նշել էր, որ Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին, որին ելույթ են ունենալու մրցույթի բոլոր տարիների հաղթողնրը, Ռուսաստանին 2006 թ-ին հաղթանակ բերած Անաստասիա եւ Մարիա Տոլմաչյովաները հրավեր չեն ստացել։ 

press_russia.jpg (45 KB)

Աննա Օհանյանի խոսքով՝ հրավերին ի պատասխան՝ նշվել է, որ երգչուհիների ներկայությունը հոբելյանական միջոցառմանը նպատակահարմար չէ: 

«Առաջարկվել է նաեւ տեսաուղերձ ուղարկել, ինչը եւս մերժվել է: Այնուամենայնիվ, Հայաստանի հանրային հեռուստաընկերության առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ, եւ «Մանկական Եվրատեսիլի» ստեղծագործական թիմը պատրաստ է հյուրընկալել Անաստասիա եւ Մարիա Տոլմաչեւներին»,-հավելեց նա։

313219112_1134885183800647_8609348263880668319_n.jpg (146 KB)

«Մանկական Եվրատեսիլը» տեղի է ունենալու դեկտեմբերի 11-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այս տարվա մրցույթը հոբելյանական է, այն անցկացվելու է 20-րդ անգամ, ինչով պայմանավորված էլ նախատեսվել է հատուկ ելույթ՝ մրցույթի բոլոր տարիների հաղթողների մասնակցությամբ։

Հայաստանն այս տարվա մրցույթին ներկայացնելու է 14-ամյա Նարե Ղազարյանը։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Առաջին ալիքի, junioreurovision.tv-ի



© NEWS.am STYLE