Ամերիկյան Gap հագուստի խանութների ցանցն ամբողջությամբ կլքի Ռուսաստանը

18:11   2 նոյեմբերի, 2022

Ամերիկյան Gap հագուստի խանութների ցանցն ամբողջությամբ կլքի Ռուսաստանը, ինչը պայմանավորված էր ոչ միայն Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությամբ, այլեւ եկամուտների հետ կապված խնդիրներով: Այս մասին գրում է Известия-ն՝ հղում տալով շուկայի ներկայացուցչներին։

Gap-ը նախատեսում է փակել իր բոլոր խանութները, ասել է Core.XP խորհրդատվական ընկերության տնօրեն Նադեժդա Ցվետկովան։ Magic Group-ի նախագահ Ալեքսանդր Պերեմյատովի խոսքով, ապրանքանիշը հայտնի չէր Ռուսաստանում, ուստի «հաճախորդները առանձնապես չեն անհանգստանա դրա բացակայությունից»:

Առայժմ ընկերության բոլոր 11 խանութները շարունակում են գործել, ինչը պայմանավորված է նրանով, որ վարձակալության պայմանագրերի մի մասը նախատեսում է 3-ից 6 ամիս առաջ ծանուցել միակողմանի խզման մասին կամ տուգանք վճարել։

Gap-ը, ինչպես արտասահմանյան այլ ընկերություններ, ներառյալ հագուստի ապրանքանիշերը, մարտին պաշտոնապես հայտարարել էին ռուսական շուկայից դուրս գալու մասին։



© NEWS.am STYLE