«Մի անգամ Երեւանում»․ Հայաստանում եւ Ռուսաստանում Առնո Բաբաջանյանին նվիրված միջոցառումներ կանցկացվեն

12:43   3 նոյեմբերի, 2022

2023 թվականին կլրանա մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մահվան 40-րդ տարելիցը։ Այդ կապակցությամբ կլինեն  բազմաթիվ իրադարձություններ եւ նախագծեր, որոնցից  մեկը  «Մի անգամ Երեւանում» հիշատակի երեկոն է, որը կանցկացվի Ռուսաստանի եւ Հայաստանի 20 խոշոր քաղաքներում: Միջոցառումը անցկացնելու է Առնո Բաբաջանյանի հիշատակի ֆոնդը: 

Նոյեմբերի 13-ին՝ ժամը 19-ին, Ա.Բաբաջանյանի անվան դահլիճում կանցկացվի համերգներից առաջինը՝ ռուս հայտնի արտիստ Սերգեյ Կռիլովի, ինչպես նաեւ երիտասարդ հայ տաղանդների մասնակցությամբ, որոնց երգացանկում ընդգրկված են Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: 

Հանդիսատեսը  կամերային մթնոլորտում շատ հետաքրքիր դրվագներ կլսի կոմպոզիտորի եւ դաշնակահարի, հայ ազգային մշակույթի ամենավառ ներկայացուցչի անձնական կյանքից, նաեւ կբացահայտի  նոր անուններ։
Երեկոյի հանդիսավարը Բաբաջանյանի երաժշտության վաղեմի երկրպագու Սերգեյ Կռիլովն է, ով սերտորեն համագործակցում է Ա. Բաբաջանյան հիմնադրամի հետ:



© NEWS.am STYLE