Աշխարհահռչակ դաշնակահար Նիկոլայ Լուգանսկին եւ «Գրեմմիի» դափնեկիր Շառլ Դյութուան հանդես կգան Երեւանում (ֆոտո)

19:31   7 նոյեմբերի, 2022

Աշխարհահռչակ դաշնակահար Նիկոլայ Լուգանսկին եւ «Գրեմմիի» մրցանակակիր դիրիժոր Շառլ Դյութուան Երեւանում են։ Երաժիշտների համերգը նախատեսվում է նոյեմբերի 8-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, «Երեւանյան հեռանկարներ» 23-րդ միջազգային փառատոնի շրջանակում։ Երեկոյի ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ կհնչեն Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրի կոնցերտ թիվ 2, Էկտոր Բեռլիոզի Ֆանտաստիկական սիմֆոնիա ստեղծագործությունները։

«Երեւանյան հեռանկարներ» փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանը, կարեւորելով երկու հայտնի երաժիշտների հայաստանյան այցը, այսօր՝ նոյեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսի շրջանակում նշեց․ 

«Դյութուան եւ Լուգանսկին այն երաժիշտներն են, որոնց մենք տարիներով ցանկացել ենք հյուրընկալել Հայաստանում։ Աշխարհի ցանկացած նվագախմբի համար մեծ պատիվ է նրանց հետ աշխատելը, եւ ես երջանիկ եմ, որ նրանց այցը կայացավ»։ 

314770182_1311923836246241_687905881704152267_n.jpg (108 KB)

Նա հավելեց, որ չնայած դժվար ժամանակներին՝ արվեստը պետք է ապրի եւ ապրեցնի մարդկանց, իսկ փառատոնի շուրջ անելիքները շատ են․ նպատակ ունեն առաջիկայում այն կազմակերպել նաեւ Բյուրականում։

«Մարդկությունն ամենադժվար իրավիճակներում անգամ չի կարող ապրել առանց մշակույթի, արվեստը գերմարդկային բան է։ Ես ուրախ եմ, որ մեր փառատոնով մենք այսպիսի ճանապարհ բացեցինք Հայաստանի համար, ու հիմա շատ ավելի հայտնի արտիստներ են ժամանում ամեն տարի։ Ուրախ եմ, որ արվեստը կանգ չի առնում»։

Շառլ Դյութուան նշեց, որ Հայաստանում երկրորդ անգամ է, բայց ի տարբերություն այս այցի՝ 15 տարի առաջ այստեղ եղել է զբոսաշրջիկի դերում․

314544402_650623059853746_7574976098280795821_n.jpg (110 KB)

«Սա իմ առաջին այցն է, սակայն, որպես երաժիշտ։ Ես այստեղ եմ կնոջս հետ, եւ մեզ համար Հայաստանը հրաշալի վայր է, որտեղ ապրում են բարի ու ժպտադեմ մարդիկ։ Առաջին անգամ էի հանդիպում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին, տպավորություններս աննկարագրելի են։ Ինչ վերաբերում է քաղաքին՝ կարծում եմ՝ այստեղ մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել իմ նախորդ այցից ի վեր, սրճարաններ են ավելացել․․․ Մի խոսքով, մեզ Հայաստանում շատ է դուր գալիս»։

Նիկոլայ Լուգանսկին հավելեց, որ նույնպես Հայաստանը շատ է սիրել։ Վիրտուոզ դաշնակահարը մեր երկիրն, առաջին հերթին, ասոցացնում է լավ երաժշտության հետ։

314728694_693058891939952_2169150422283086720_n.jpg (108 KB)

«Խաչատրյան, Բաբաջանյան, Տերտերյան․․․ նրանց երաժշտությունը հրաշալի է։ Մենք շատ հայերի հետ ենք աշխատում․ Նարեկ Հախնազարյանն, օրինակ, իմ լավ ընկերն է։ Առհասարակ, շատ ընկերներ ունեմ Հայաստանից, եւ նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում անասելի պրոֆեսիոնալ է»։

Երկու երաժիշտներն էլ խոստացան՝ վաղը սպասվող համերգը տպավորիչ է լինելու։ Ինչ վերաբերում է հաջորդ հանդիպմանը՝ դա կլինի մյուս այցի ժամանակ, որը չեն կասկածում՝ կայանալու է։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE