Ինչպե՞ս ճիշտ ներկել շուրթերը

20:24   5 դեկտեմբերի, 2013

Ամեն առավոտյան որքան էլ աղջիկներն ուշանում են աշխատանքից, անպայման դիմահարդարվում են: Աչքերն են ներկում, դեմքեր տարբեր կրեմներ քսում: Իսկ շուրթե՞րը: Դրանք պետք է անթերի դարձնել

Շուրթերը ճիշտ ներկելը բավական դյուրին է. ձեռքերի ճկունություն եւ ոչ մի խաբեություն. ընդամենը փոքր-ինչ ուշադրություն սեփական անձի նկատմամբ եւ պարզ կանոններին հետեւել: Ահա շրթներկը ճիշտ օգտագործելու 16 օգտակար կանոն:


Երբեք միաժամանակ մի շեշտադրեք աչքերն ու շուրթերը

Կանայք, ովքեր աչքերին վառ դիմահարդարում են անում եւ մուգ շրթներկ քսում, հաճախ ծիծաղելի տեսք են ունենում: Եթե ուզում եք կարմիր շրթներկ քսել, դիմահարդարման մյուս բաղադրիչները պետք է բաց երանգների մեջ լինեն: Եթե ուզում եք ընդգծել աչքերը, ապա շրթունքները ներկեք բաց գույնի փայլով կամ ոչ վառ շրթներկով:

Փքված շուրթերի արդյունքը

Որպեսզի շուրթերը փքուն տեսք ունենան, պետք է դրանց շուրջ բնական եզրագծից դուրս մատիտ քսել: Ստորին շրթունքի մեջտեղը շրթներկի վրայից մի քիչ փայլ ավելացրեք:

Ինչպե՞ս շրթներկ քսել

Որոշ կանայք շրթներկի համար նախատեսված հատուկ վրձին են օգտագործում: Ոմանք էլ այն մատով են քսում: Կանանց մեծ մասը շուրթերը ներկում է անմիջապես շրթներկի տուփից՝ լրացուցիչ միջոցներ չօգտագործելով: Ընտրեք այն, ինչը հարմար է ձեզ, ինչը ձեր շուրթերն առավել հմայիչ կդարձնի:

Շրթունքների համար նախատեսված եզրագծային մատիտ

Շուրթերի համար նախատեսված եզրագծային մատիտն օգտագործեք որպես հիմք: Շրթներկը շրթունքների վրա ավելի երկար կմնա, եթե սկզբում գծամատիտ քսեք: Եթե շուրթերը բաց գույնի շրթներկով եք ներկում, ապա անգույն մատիտ օգտագործեք: Դրա վրա շրթներկ քսեք: Շուրթերի փայլն արագ տարածվում է: Իսկ եթե նախ գծամատիտ օգտագործեք, ապա փայլն ավելի երկար կմնա:

Գծամատիտով շուրթերը եզրագծելը

Դուք կարող եք գծամատիտով շուրթերը եզրագծել նախքան շրթներկ քսելը կամ դրանից հետո: Ո՞վ ինչպես է այդ անում… Շատ մասնագետներ պնդում են, որ շուրթերն ավելի բնական տեսք են ունենում, երբ դրանք եզրագծում եք շրթներկ քսելուց հետ:

Մուգ եզրագծող մատիտ եւ բաց գույնի շրթներկ

Երբեք եզրագծող մուգ մատիտը բաց գույնի շրթներկի հետ մի համադրեք: Եզրագծված շուրթերն ավելի լավ տեսք ունեն, բայց միայն այն դեպքում, երբ գծամատիտի գույնը համապատասխանում է շրթներկի կամ փայլի գույնին: Մուգ եզրագիծը բաց շրթներկի հետ բավական ցայտուն տեսք ունի:

Շրթներկ գնելիս երբեք նմուշները մի քսեք ձեր շուրթերին

Այդ հակահիգիենիկ է: Հասկանալու համար, թե ինչ տեսք կունենա շրթներկը, այն  մատների ծայրին քսեք: Այդ հատվածի մաշկն ավելի համապատասխան է շրթունքների կառուցվածքին, քան ափի հակառակ կողմի մաշկը:

Մի ազատվեք այն շրթներկից, որի գույնը ձեզ այլեւս դուր չի գալիս

Դիմահարդարները գիտեն, թե ինչպես կարելի է ձեզ դուր չեկող գույներից շրթներկի հրաշալի գույն ստանալ:

Շրթներկն ու բաժակը

Որպեսզի ձեր շրթներկը բաժակի վրա չմնա, նախքան դրանից խմելը թեթեւակի լիզեք շուրթերը: Հավատացե՛ք, օգնում է:

Ատամներն ու շրթներկը

Որպեսզի շրթներկ քսելիս պատահաբար չներկեք ատամները, պարզ հնարքի դիմեք. ցուցամատը սահեցրեք ատամների վրայով: Ավելորդ շրթներկը կմնա ձեր մատին, այլ ոչ թե ատամներին:

Շրթներկ եւ սնգույր

Շրթներկը կարելի է որպես սնգույր օգտագործել, սակայն սնգույրը երբեք որպես շրթներկ մի օգտագործեք:

Տարիքն ու շուրթերը

Որքան մեծ եք, այնքան ձեր շրթունքներն ավելի հյութեղ տեսք պետք է ունենան:

Եթե ձեր շուրթերը չոր եւ բարակ են դարձել, խուսափեք անփայլ շրթներկից կամ շրթունքների փայլից: Օգտագործեք հյութեղ գույն ունեցող շրթներկեր:

Շրթներկի երանգն ու գույնը

Ոչ բոլոր երանգի եւ գույնի շրթներկերն են ձեզ հարմար: Շրթներկի գույնը պետք է ընտրել մաշկի երանգին համապատասխան: Ձեզ կարող է դուր գալ այն շրթներկը, որը ձեր ընկերուհին է օգտագործում: Բայց դա չի նշանակում, որ այդ նույն շրթներկը ձեզ նույնպես հարմար կլինի: Նարնջագույն, մարջանի կամ շագանակագույն երանգներով շրթներկերը քիչ կանանց են սազում: Այդ երանգներն ատամների գույնն ավելի դեղին են ցույց տալիս, քան իրականում դրանք կան:

Դեղին ատամներ

Քողարկեք դեղնած ատամները: Այդ նպատակով օգտագործեք կապտավուն երանգով շրթներկ (այդպիսի երանգ ունեն սալորի, մեխակի, գինու եւ մանուշակի գույները):

Դեն մի նետեք կոտրված շրթներկը

Եթե ձեր շրթներկը կոտրվել է, կտորի օգնությամբ հանեք կոտրված մասը: Հետո վառվող լուցկու հատիկը զգուշորեն պահեք շրթներկի վրա, կոտրված հատվածը դրեք հալված շրթներկի վրա եւ բաց վիճակում 30 րոպե դրեք սառնարանը:

Շրթներկը վերջացե՞լ է

Ուշադիր նայեք… Կտեսնեք, որ տարայի մեջ մի փոքր շրթներկ կա, որը կարելի է օգտագործել: Բամբակով փայտիկի օգնությամբ հանեք այն եւ խառնեք շուրթերի փայլի կամ վազելինի հետ: Որպեսզի կարողանաք այն քսել շուրթերին, հատուկ վրձին օգտագործեք: Այս խորհուրդի օգնությամբ նոր շրթներկ գնելու համար գումար կխնայեք:

Աղբյուրը՝ beauty.about.com



© NEWS.am STYLE