Արքայազն Հարրին եւ դքսուհի Մեգան Մարքլը սոցցանցերում չեն շնորհավորել Չարլզ III-ի ծննդյան տարեդարձը

17:09   16 նոյեմբերի, 2022

Արքայազն Հարրին եւ դքսուհի Մեգան Մարքլը սոցցանցերում հրապարակավ չեն շնորհավորել Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի ծննդյան տարեդարձը, գրում է Mirror-ը:

Նոյեմբերի 14-ին թագավորը դարձել է 74 տարեկան՝ առաջին անգամ իր տարեդարձը նշելով որպես միապետ: Այդ առթիվ թագավորական ընտանիքի անդամների պաշտոնական էջերում հրապարակվել է Չարլզ III-ի նոր դիմանկարը: Հրապարակմանը կից հայտարարվել է արքային Վինձորի Մեծ այգու ռեյնջեր նշանակվելու մասին։

Ուելսի արքայազն Ուիլյամը եւ նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, թագավորական ընտանիքի միակ անդամներն են, ովքեր հրապարակայնորեն շնորհավորել են Չարլզ III-ին՝ ծննդյան 74-րդ տարեդարձի առթիվ. «Շնորհավոր Նորին Մեծություն Թագավորի ծննդյան տարդարձը»։

Արքայազն Հարրին եւ կինը հրապարակային որեւէ շնորհավորանք չեն արել՝ ո՛չ Archwell հիմնադրամի կայքում, ո՛չ էլ սոցիալական ցանցերում:

Հրապարակային շնորհավորանքներ չեն արել նաեւ արքայադուստր Աննան, Ուեսեքսի կոմս արքայազն Էդվարդըն ու կինը, Յորքի դքսուհի Սառա Ֆերգյուսոնը եւ դստրերը`արքայադուստր Բեատրիսն ու Եվգենիան: Ինչ վերաբերում է Յորքի դուքս արքայազն Էնդրյուին, ապա նա դա անել չէր էլ կարող, քանի որ սոցիալական ցանցերի իր էջերն ապաակտիվացրել է:

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE