Նատալյա Վոդյանովան գտել է փոքր քրոջը. նրան 22 տարի առաջ որդեգրել է ամերիկացի մի զույգ

13:46   16 նոյեմբերի, 2022

Սուպերմոդել Նատալյա Վոդյանովան Vogue ամսագրին տված հարցազրույցի ընթացքում խոստովանել է, որ վերջերս կարողացել է գտնել իր կրտսեր քրոջը, ում անվանում են Ջեննա։ Նրանք կապը կորցրել են դեռեւս մանկության տարիներին:

Lost and Found վերնագրով հոդվածում, մասնավորապես, ասվում է, որ թոփ-մոդելի քրոջ անունը Ջենիֆեր Բերնս է, ում 2000 թվականին նրան որդեգրել է ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգից մի զույգ։

Քույրերի կապը գտնվել է ԴՆԹ թեստի շնորհիվ, որը Ջենիֆերը արել է երկու տարի առաջ, այնուհետեւ գրանցվել է հարազատներին փնտրելու համար, ինչի շնորհիվ էլ հայտնաբերվել է նրա ավագ քույրը, ով պարզվել է, որ աշխարհահռչակ սուպերմոդել եւ բարերար է:

Վոդյանովան, հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ չորրորդ քույրը ծնվել է այն ժամանակ, երբ մայրը միայնակ էր մեծացնում երեք դուստրերի, որոնցից մեկն ուներ աուտիզմ եւ ուղեղային կաթված։ Եվ որպեսզի աղջիկն աղքատության մեջ չմեծանա, որոշվել է նրան որդեգրման տալ։

«Մայրս մի քանի դժբախտ հարաբերություններ ուներ, որոնցից մեկն էլ հայրս էր... Մենք ապրում էինք 20 մետր քառակուսի մակերեսով սենյակում՝ չորս հոգով, առանց որեւէ հարմարության: Մայրս շատ էր աշխատում՝ քրտնաջան եւ ծանր»,- Վոդյանովայի խոսքերը մեջբերել է Hello! ամսագիրը:

Մոդելը նշել է, որ երկար տարիներ փորձել է գտնել կրտսեր քրոջը, ում ի ծնե Մաշա են անվանել, եւ նույնիսկ մասնավոր հետախույզ է վարձել դրա համար, սակայն որդեգրողների մասին տեղեկատվությունը պարզել չի հաջողվել:



© NEWS.am STYLE