«Շատ եմ սիրում Արամ Խաչատրյանի երաժշտությունը. պատիվ է լինել այստեղ». «Գրեմմիի» դափնեկիր Ջուդիթ Հիլը բացեց Yerevan Jazz Fest-ը (ֆոտո/վիդեո)

13:05   16 նոյեմբերի, 2022

Երեւանում ամենասպասված ջազային շաբաթն ազդարարված է. երեկ՝ նոյեմբերի 15-ին, «Գրեմմիի» դափնեկիր անկրկնելի վոկալիստ, դաշնակահար, կոմպոզիտոր Ջուդիթ Հիլի մենահամերգով մեկնարկեց Yerevan Jazz Fest 2022-ը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Երգչուհին առաջին անգամ էր Հայաստանում: Մինչ բեմ բարձրանալը՝ լրագրողների հետ զրույցում Հիլը խոստովանեց, որ հուզված է, բայց նաեւ՝ անհամբեր: Նրա համար, հատկապես, խորհրդանշական էր «Արամ Խաչատրան» համերգասրահում ելույթ ունենալը, քանի որ հայ կոմպոզիտորի գործերը նրան այնքան հոգեհարազատ են, որ հաճախ երեկոներն անցկացնում է դրանց հնչյունների ներքո:

IMG20221115203102_01.jpg (151 KB)

«Թեեւ երբեք չեմ եղել Հայաստանում, միշտ սիրել եմ հայկական երաժշտությունը, հայ երաժիշտներին, օրինակ՝ Արամ Խաչատրյանին: Նրա երաժշությանը ծանոթացել եմ երաժշտական քոլեջում սովորելուս տարիներին, հատկապես շատ եմ սիրում Ջութակի կոնցերտը: Բացի երաժշտությունից՝ նաեւ հայկական մշակույթը, խոհանոցը ինձ շատ հոգեհարազատ են: Ինձ համար պատիվ է այստեղ գտնվելս»:

IMG20221115202915.jpg (162 KB)

Երգչուհին ցավով հավելեց, որ երկար ժամանակ չի կարող անցկացնել Հայաստանում, այսօր արդեն մեկնում է: Երեկ հասցրել է լինել «Արարատ» թանգարանում, ծանոթանալ հայկական կոնյակին. հույս ունի՝ մինչեւ մեկնելը կհասցնի ավելին բացահայտել Երեւանի մասին:

Իր կարիերայի ընթացքում Ջուդիթ Հիլը, որպես բեք վոկալիստ, ելույթ է ունեցել համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք աստղերի կողքին, որոնց թվում են՝ Մայքլ Ջեքսոնը, Փրինսը, Սթիվի Ուանդերը, Ջոշ Գրոբանը եւ այլք: NEWS.am STYLE-ի հարցին՝ ինչ փորձ է ձեռք բերել կարիերայի այդ փուլում, երգչուհին պատասխանեց.

315181922_695025331845075_7051723983563553731_n.jpg (556 KB)

«Դա իմ կարիերայում անգին փորձ էր: Մայքլ Ջեքսոնի, Փրինսի, Սթիվի Ուանդերի հետ ելույթ ունենալն անհավատալի էր: Այդ փուլում ես ծանոթացա երաժշտության ոլորտի մեծագույնների հետ, հասկացա, թե ինչ առաքելություն ունի երաժշությունը: Այդ մարդկանցից յուրաքանչյուրն իր նորարությունն է բերել այս աշխարհ, եւ ինձ համար պատիվ էր նրանց հետ աշխատելը»:

Երիտասարդ երաժիշտներին Հիլը խորհուրդ է տալիս սահմանել նպատակ ու գնալ դրա հետեւից.

315523988_430412129286241_6560639472897320878_n.jpg (326 KB)

«Խորհուրդ եմ տալիս, որ գտնեն իրենց ձայնը, հմտանան դրա մեջ եւ միշտ շարունակեն քայլել առաջ, կրթվել, քանի որ սա մասնագիտություն չէ, սա կենսակերպ է՝ մի մեծ ճանապարհորդություն, որը պետք է անցնել»:

Երգչուհու անմիջական զրույցը շարունակվեց նաեւ բեմում՝ արդեն հանդիսատեսի հետ: Նա առանց շքեղ լուսային շոուների ու համարների, համերգասրահը լցրեց իր «մինիմալիստական» էներգետիկայով. երգեց ու կիսվեց իր փորձառությամբ: Ասաց, որ անցողիկ սերը հաճախ վերադառնում է, սակայն այլ տեսքով, օրինակ՝ հանդիսատեսի ծափահարությունների ու ջերմության, իսկ լռությունը երբեմն դառնում է սեփական վախերին առերեսվելու միջոց: Հանդիսատեսը, սակայն, երգչուհուն լռության մեջ չթողեց: Նրա յուրաքանչյուր կատարում ուղեկցվում էր բուռն ծափահարություններով ու հիացական բացականչություններով:

315903367_653932483052890_8752530835146859066_n.jpg (407 KB)

Yerevan Jazz Fest-ն արդեն սպասված ավանդույթ է դարձել քաղաքում, որը յուրաքանչյուր տարի հայ հանդիսատեսին հնարավորություն է ընձեռում վայելելու ջազի ոլորտի առաջատար կատարողներին: Այն իրականություն է դառնում Ջազի հայկական ասոցիացիայի ջանքերով՝ ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանի ու հայկական ջազի լեգենդ Լեւոն Մալխասյանի գլխավորությամբ:

Այս տարի փառատոնն անցկացվում է 8-րդ անգամ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE