Հայֆիլմի կինոնկարները կցուցադրվեն Մոսկվայի «Արխիվային ֆիլմերի կինոփառատոնում»

16:50   16 նոյեմբերի, 2022

Նոյեմբերի 16-ից 30-ը Մոսկվայում տեղի կունենա «Արխիվային ֆիլմերի կինոփառատոնը», որտեղ կցուցադրվեն «Առաջին սիրո երգը», «Հայրիկ», «Տղամարդիկ», «Երեանյան օրերի խրոնիկա», «Այստեղ, այս խաչմերուկում» ֆիլմերը։ Այս մասին հայտնել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ հրապարակում անելով իր ֆեյսբուքյան էջում:

«2022թվականի նոյեմբերի 16-30-ը տեղի կունենա «Արխիվային ֆիլմերի կինոփառատոնը», որտեղ կցուցադրվեն «Առաջին սիրո երգը», «Հայրիկ», «Տղամարդիկ», «Երևանյան օրերի խրոնիկա», «Այստեղ, այս խաչմերուկում» ֆիլմերը։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը, ստանալով Ռուսաստանի Գոսֆիլմոֆոնդի կողմից ֆիլմերի ցուցադրման առաջարկ՝ համաձայնել է միանալ այս նախաձեռնությանը:

Ծրագիրը կազմվել է արխիվային ֆիլմերի փառատոնի մշտական ցիկլերից մեկի՝ Աշխարհի Կինոմայրաքաղաքների շրջանակում։ Առաջատար վարպետների՝ Հ. Մալյանի, Ֆ. Դովլաթյանի, Է. Քեոսայանի, Կ. Գեւորգյանի եւ այլոց ստեղծագործությունների միջոցով՝ նրանց անկրկնելի ինտոնացիայով,  հնարավորություն է ընձեռվում հետեւել, թե ինչպես է փոփոխվել Հայաստանի հնագույն մայրաքաղաքի նկարագիրը անցած հարյուրամյակում։ Նախատեսվում է  ծրագիրը ամփոփել հայ ժամանակակից ռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմով, որը ստացել է պետական ֆինանսական աջակցություն։

Փառատոնը հանդիսանում է «Белые Столбы» փառատոնի իրավահաջորդը, որը 1957թվականից անց էր կացվում Դոմոդեդովոյում: 2022թվականին փառատոնը արդեն 2-րդ անգամ անց է կացվում Մոսկվայում՝ գլխավորապես Иллюзион կինոթատրոնում», - գրված է հրապարակման տեքստում:



© NEWS.am STYLE