Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը»՝ Pomegranate Film Festival-ի «Լավագույն խաղարկային ֆիլմ»

17:48   16 նոյեմբերի, 2022

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը Կանադայում ճանաչվել է Pomegranate Film Festival-ի «Լավագույն խաղարկային ֆիլմ»: Այս մասին հայտնել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ հրապարակելով փառատոնի լուսանկարները:

«Պետական ֆինանսական աջակցություն ստացած, ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը Տորոնտոյի «Նուռ» կինոփառատոնում (Pomegranate Film Festival) արժանացել է «Լավագույն խաղարկային ֆիլմ» մրցանակին։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը շնորհավորելով ֆիլմի ստեղծագործական կազմին մաղթում է հաջողություններ։

«Դրախտի դարպասը» ֆիլմը Ջիվան Ավետիսյանի՝ արցախյան թեմատիկայով երրորդ լիամետրաժ ֆիլմն է։ Այն ութ երկրների համատեղ արտադրություն է՝ Հայաստան, Լիտվա, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Չեխիա, Իտալիա, ԱՄՆ։

Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը, 2016թվականին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի հետ...», - գրված է հրապարակված լուսանկարներին կից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆիլմը դարձել էր ամերիկյան AMC կինոթատրոնում ցուցադրվող 2-րդ ամենադիտվող ֆիլմը, իսկ այժմ այն ցուցադրվում է Կանադայում:



© NEWS.am STYLE