Դիլիջանում հայտնվել է մասշտաբային սթրիթ արտ (ֆոտո)

17:57   17 նոյեմբերի, 2022

Դիլիջանի նախկին կարի ֆաբրիկայի տարածքում, նկարիչներ Գարեգին Հարությունյանը (GaReggin) եւ Հարություն Աղաբալյանը ստեղծեցին քաղաքի առաջին մուրալը, ի նշան հարգանքի այն մարդկանց, ովքեր երկար տարիներ աշխատել են կարի արտադրությունում:

Ստեղծագործելու  գաղափարը ծնվել է հենց այն ժամանակ, երբ նկարիչները հայտնվել են գործարանի նախկին արտադրամասերում։ Հետագա աշխատանքի ոգեշնչման աղբյուր են հանդիսացել գործարանի նախկին աշխատակիցների իրական պատմությունները։

Photo1.JPG (256 KB)

«Մենք նպատակ չունեինք լուսանկարչական ճշգրտությամբ պատկերել աշխատակիցներին, այլ ընդհակառակը՝ կերպարների հագուստը կարող է թվալ ճոխ եւ հիշեցնել անցյալ դարաշրջանը։ Իրականում մենք ցանկացել ենք շեշտել այն փաստը, որ կարի ֆաբրիկան աշխատողների համար եղել է ավելի քան պարզապես աշխատավայր: Այս փաստն ակնհայտ է դառնում, երբ ծանոթանում ես Կարի ֆաբրիկայի թիմի կողմից նախկին աշխատակիցների շրջանում իրականացված հարցազրույցներին» − նշում են նկարիչները:

Կարմիր կծիկը ցույց է տալիս ժամանակների կապը՝ խորհրդանշելով տվյալ տարածքը ապրեցնելու շարունակականության գաղափարը։ Կարմիր կծիկը նաեւ կարի ֆաբրիկայի անցյալի, ներկայի եւ ապագա սերունդների միջեւ կապի խորհրդանիշն է:

Photo3.jpg (110 KB)

Հեղինակները հույս ունեն, որ իրենց աշխատանքը կունենա շարունակություն, իսկ նախաձեռնությունը կոգեշնչի Հայաստանի այլ նկարիչներին, ստեղծագործել եւ ստեղծել նոր մուրալներ Դիլիջանում եւ ամբողջ Հայաստանում:



© NEWS.am STYLE