Ապագա հարսնացուի օրագիր. երազանք №2: Անմոռանալի հարսանիք եմ ուզում, բայց ե՞րբ

22:07   5 դեկտեմբերի, 2013

Գոյություն ունի հարսանիքին վերաբերող մի քանի հարց, որոնք կարող եմ հավերժական անվանել: Դրանցից մեկն այսօր ինձ անհանգստացնում է: Ե՞րբ կազմակերպել հարսանիքը:

Եթե այս հարցին լայն մոտենանք, ապա չորս տարբերակ կա. ձմեռ, գարուն, ամառ, աշուն: Իհարկե, կարելի է նշել նաեւ ամիսը, ամսաթիվը, նույնիսկ շաբաթվա օրը: Եվ այսպես, իմ խնդիրն անմոռանալի հարսանիք կազմակերպելն է: Առաջարկում եմ սկսել տարվա եղանակից: Կարծում եմ՝ եղանակի հարցում կողմնորոշվելու դեպքում ամիսն ու օրն ավելի դյուրին կլինի ընտրել:

Եվ այսպես, եկեք միասին պարզենք, թե հարսանիքի համար որ եղանակն ինչով է լավ, ինչով՝ վատ:

Դիմավորեք… Նորին մեծություն Ձմեռը` դրական եւ բացասական կողմերով:

Ինչո՞ւ ձմռանը հարսանիք չեմ ուզում

1. Այդքան սպասված գեղեցիկ դեկոլտեով ճերմակ զգեստով սառնամանիքին չես զբոսնի:

2. Բացօթյա հարսանիքի մասին պետք է մոռանալ:

3. Ձնակույտերը կարող են վերածվել կեղտոտ սառույցի: Այնքան էլ հաճելի տեսարան չէ հարսանեկան լուսանկարների համար:

4. Սառած դեմքեր հարսանեկան ալբոմում: Ո՛չ, չեմ ուզում:

5. Ծաղիկները, մրգերն ու բանջարեղենը բավական թանկ արժեն:

6. Ամանորի նախաշեմից եւ մինչեւ Սուրբ Ծննդյան տոները սննդամթերքի եւ խմիչքների գները բավական բարձր են:

7. Ձմռանն օրերը բավական կարճ են, հետեւաբար ավելի շուտ է մթնում:

Սակայն ձմեռային հարսանիքները նաեւ դրական կողմեր ունեն

1. Հարսը պետք է մուշտակ հագնի: Վաղուց դուր եկած մուշտակը գնելու հիանալի առիթ է:

2. Հարսանիք դեկտեմբերին. ամբողջ տարին լի է նախատոնական հրաշք տրամադրությամբ:

3. Փետրվարին տեղի ունեցող հարսանիքը Ձեզ կրկնակի եւ նույնիսկ եռակի տոն կբերի: Փետրվարը սիրահարների համար երկու տոն ունի. Սուրբ Սարգսի տոնն ու Սուրբ Վալենտինի օրը:

4. Ձմռանը քաղաքացիական գրանցման օրն ավելի հեշտ է ընտրել: ՔԱԳՎ-ում հերթերը քիչ են:

5. Նախահարսանեկան երեկոն կարելի է սահադաշտում կազմակերպել: Պատկերացրեք միայն. երաժշտություն, վառվում են լապտերներն ու մոմերը, բարմենը գինի է լցնում, բոլորը սահում են եւ երջանիկ են:

6. Ձմռանը հաճախ հարսանիքի կազմակերպիչները (հանդիսավարները, ռեստորանները) նվազեցնում են իրենց ծառայությունների գները:

7. Սպիտակ զգեստը մեծ զեղչով գնում ենք միայն ձմռանը:

Իսկ ինչն է մեզ խանգարում հարսանիքը կազմակերպել գարնանը

1. Գարունը Մեծ Պահքի շրջան է: Խմիչքից, մսեղենից հրաժարվելը հարսանիքի ամբողջ ընթացքում ուղեկցելու է ձեր հյուրերին:

2. Գարնան սկիզբն ու կեսն ուղեկցվում են ցեխով, սառույցով եւ կեղտով: Զգեստը հեշտ է կեղտոտել:

3. Գոյություն ունի լեգենդ, որ մայիսին չի կարելի ամուսնանալ: Եթե սնահավատ ես, ավելի լավ է հարսանիքը տեղափոխել ավելի շուտ կամ ավելի ուշ ամիսներ: Անձամբ ես դրան չեմ հավատում:

Իսկ գուցե, ամեն դեպքում, գարնա՞նը:

Գարնանային հարսանիքի ատավելությունները

1. Գարնան սկզբին ՔԱԳՎ-ում դեռ հերթեր չեն լինում:

2. Գարնան կեսից եւ վերջում շուրջն ամեն ինչ ծաղկում է: Գարնանային բնությունը հիանալի ֆոտոսեսիա է ապահովում:

3. Ընտանեկան կյանքը բնության վերածննդի հետ սկսելը լավ նշան է:

4. Գարնանը տաք է, ոչ թե շոգ:

Հարսանիք ամռանը… Արեւ, ծաղիկներ եւ բարձր տրամադրություն: Սակայն, որքան էլ զարմանալի է, այս դեպքում նույնպես բացասական կողմեր կան

1. Բոլոր տեսակի ծառայությունների գները բարձր են:

2. ՔԱԳՎ-ում, լուսանկարիչների մոտ, ռեստորաններում անվերջանալի հերթեր են:

3. Ամռանն արձակուրդի շրջան է: Ոչ բոլորն հյուրերը կարող են ներկա գտնվել:

4. Չափից շատ շոգ եղանակը կարող է բազմաթիվ անհարմարություններ առաջացնել:

Սակայն, ամեն դեպքում, ավելի լավ է հարսանիքն ամռանը կազմակերպել

1. Հարսանիքը կարելի է նավի վրա կազմակերպել, ամրոցում, այգում, ծովի ափին: Այս դեպքում արդեն երեւակայության հարց է:

2. Հագուստի ընտրությունն ազատ է: Ցրտի եւ հագուստը կեղտոտելու սպառնալիք չկա:

3. Մրգերի, ծաղիկների եւ բանջարեղենի գները բավական ցածր են, իսկ տեսականին՝ ավելի հարուստ:

4. Հիանալի ֆոտոսեսիա ամառային արեւի եւ առեղծվածային լուսնի ներքո:

5. Ընտրյալի հետ երկար եւ անմոռանալի զբոսանքը հարսանեկան զգեստով ապահովված է:

6. Ամուսնության գրանցում` արեւի վառ ճառագայթների ներքո: Ամռանն ամեն ինչ հնարավոր է:

7. Չեք կարողացել մեկնել հարսանեկան ճամփորդությա՞ն: Տխրելու առիթ չէ: Չէ՞ որ ամռանը կարելի է հանգստանալ նաեւ մեր երկրի սահմաններում:

Եվ վերջում, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աշնանային հարսանիքի դրական եւ բացասական կողմերը:

Իմ կարծիքով, այստեղ ընդամենը մեկ բացասական կողմ կա. եղանակը: Աշունը երբեմն այնքան անկանխատեսելի է:

Այստեղ դրական կողմերն ավելի շատ են

1. Մարդիկ աշունը համարում են ամենահարմար եղանակը հարսանիքի համար:

2. Մրգերի եւ բանջարեղենի առատությունն ապահովված է: Գներն էլ ամռան նման բավական ցածր են:

3. Սկսվում է հարսանիքի զգեստների եւ աքսեսուարների սեզոնը:

4. Հիանալի ֆոտոսեսիա ոսկե աշնան ֆոնին:

5. Բոլոր հյուրերի ներկա գտնվելու հավանականությունը մեծանում է:

Եվ այսպես, թանկագիններս, ե՞րբ եք ծրագրում ձեր հարսանիքը…

Ամադա



© NEWS.am STYLE